Категория: ՄԵԾ ԵՂԵՌՆ

ԱԶԳԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ (1)

Երկու մասով ներկայացվող այս նյութը, հոդված է  «Հայկական հարց» հանրագիտարանից (Երևան, 1996):  Հոդվածի հեղինակներն Ա. Հովհաննիսյանը, Մ. Հասրաթյանը և Սեդրակ Կրկյաշարյանը: Այդ կարևոր աշխատության հրատարակումից անցել է 18 տարի:  Շատ բան է փոխվել աշխարհում, սակայն այն կորուստները, ինչի մասին խոսվում է այս հոդվածում,  չեն լրացվի անգամ Հայկական հարցը լուծվելուց հետո էլ:  Հոդվածը  այժմեական է և այդպիսին կլինի և ապագայում:  Այն ցույց է տալիս,  թե ինչի է հանգեցնում քոչվորների անասնական ձգտումը՝ ոչնչացնել այն, ինչը ստեղծել է բնիկ հայ ժողովուրդը հազարամյակներով. սիրով, քրտինքով ու աշխատասիրությամբ, ձգտելով դեպի լույսը, դեպի բարին, դեպի կատարելությունը… ոչնչացնել,  սեփականացնելու համար այն, ինչը քոնը չէ…  

Հոդվածի հեղինակակից՝  Սեդրակ Կրկյաշարյան

Հայկական հանրագիտարանի

 նախկին ավագ գիտական խմբագիր


Ազգային-մշակութային եղեռնը  միջոցառումներ և գործողություններ են որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով:  Ըստ իրավագետ Ռ. Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով: Սակայն  ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի բնագրի մեջ: Ի. Չառնին գտնում է, որ մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ): Հասարակագետ Ս. Թոտտենը (ԱՄՆ), խոսելով Արմ. Հայաստանում և Օսմ. կայսրության հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության մասին, նշում է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ: 

Անժխտելի փաստերը վկայում են, որ հայ բնակչության զանգվածային կոտորածների ու տեղահանության տարիներին երիտթուրքական կառավարությունը ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Ջարդարարները ղեկավարվել են Թալեաթի՝ Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղած հրահանգով. «...ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, էջ  562):  Գիտակցելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում՝ նպատակամղված կոտորել են հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցական գույքը, ձեռագիր մատյանները:  Դեռևս 1912-13 թթ. Օսմ. կայսրության ՆԳՆ հանձնարարությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը կազմել և կառավարությանն է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը: Թուրք. կառավարության այդ հետաքրքրությունն առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի  կապ ուներ հայերին կոտորելու ծրագրերի հետ: Ըստ Մ. Օրմանյանի տվյալների, Արմ. Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912 թ.  2 200 էր (Օրմանյան  Մ., Հայոց եկեղեցին, 1913, էջ 259-269): Դրանց մեծ մասը թալանվել, այրվել կամ ավերվել է եղեռնի ժամանակ: Օչնչացումից զերծ չեն մնացել նաև նաև հայկ. ձեռագրերը:  Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմության, գրականության, արվեստի, բնական գիտությունների վերաբերյալ տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնույթի երկեր: Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացրել են տարբեր նվաճողներ, սակայն XIX դ. վերջին և  XX դ. սկզբին դրանց ոչնչացումը կատարվել է մտածված և ծրագրված.  ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին կոտորելուն զուգընթաց պետք էր ոչնչացնել նաև նրա ստեղծած հոգևոր արժեքները: 1994-96-ին և 1915-23 –ին ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը՝ թուրքերն ու քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այդտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր:

Թեև  ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում՝ շուրջ 3 000, Տարոնում՝ շուրջ 2 000, Կեսարիայում և շրջակայքում՝ 700, Անկարայում և շրջակայքում՝ ավելի քան 300, Արմաշում՝ շուրջ՝ 250,  Սեբաստիայում և շրջակայքում՝ շուրջ 170 ևն), այնուամենայնիվ եղեռնի ժամանակ ոչնչացվածների ստույգ թիվն անհայտ է, որովհետև XIX դ. վերջին և  XX դ. սկզբին դեռևս չկար հայերեն բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը,  որի հետ համեմատվեր փրկվածների թիվը: Հայերեն ձեռագրացուցակներ կազմվել են դեռևս V-VI դդ., սակայն երկար ժամանակ հայկական պետականության բացակայության, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով հնարավոր չի եղել ստեղծել համահավաք ձեռագրացուցակ: Չնայած դրան,  հայ և օտարազգի ուսումնասիրողներ Գ. Սրվանձտյանը,  Ղ. Փիրղալեմյանը,  Հ.  Ճանիկյանը, Ա Միհրդատյանը,  Հ. Տաշյանը, Գ. Հովսեփյանը,  Գ. Տեր-Կարապետյանը,  Բ. Կյուլեսերյանը,

Հ. Թոփճյանը,  Թ. Գուլակյանը,  Ե. Լալայանը,  Հ. Աճառյանը,  Վ. Լանգլուան,  Ֆ. Մյուլլերը և ուրիշներ նկարագրել են Արմ. Հայաստանում,  Կիլիկյան Հայաստանում և Օսմ. կայսրության հայաբնակ վայրերում գտնվող հազարավոր ձեռագրեր:  Էջմիածնի միաբան Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը կազմել է 22 000 հայերեն ձեռագրերի ցուցակը (անտիպ.  պահվում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիվանում): Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայերեն ձեռագրեր են պահվել Սսի, Ադանայի,  Կ. Պոլսի, Եվդոկիայի, Խիզանի, Տարոնի, Կարինի, Սեբաստիայի, Մալաթիայի, Վասպուրականի և Արմ. Հայաստանի ու Օսմ. կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ մարդկանց մոտ: Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ՝ փրկելու համար մարդկային մտքի արգասիքները: Շատ ձեռագրեր պահ են տրվել թաքստոցներին,  սակայն թուրքերը, հայտնաբերելով, ոչնչացրել են: Հրաշքով փրկված ձեռագրերի մի մասը որոշ թուրքեր վաճառել են Եվրոպայում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ:

   Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են Աստվաշունչներ, սաղմոսներ, մաշտոցներ, ճաշոցներ, ժամագրքեր, պատարագամատույցներ, շարակնոցներ, հայսմավուրքներ, ճառընտիրներ, քարոզագրքեր, տոնացույցներ, օհացույցներ, կանոնագրքեր, վարքեր, հայ, հույն, ասորի, հրեա, հռոմեացի հեղինակների [Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Կամբրոնացի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Սյունեցի, Թովմա ՄԵծոփեցի, Հակոբ Թոխաթեցի, Ստեփանոս Լեհացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան, Պրոկղ (Պրոկղես), ՄԻքայել Ասորի, Նանա Ասորի, Կյուրեղ Երուսաղեմացի, Դիոնիսիոս Արեոպագացի, Եվագրոս, Հերոնիմոս, Կոռնելիոս Լատինացի, Թովմա Աքվինացի և այլք] հեղինակած, պատմական, փիլիսոփայական բնագիտական բնույթի գործերը, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: 1894-96-ին և 1915-23-ին հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարված էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը և անդառնալի կորուստ մարդկության համար:

  Այդպիսով, հայ ժողովրդի հսկայական զանգվածներին կոտորելուց զատ, ոչնչացվեցին նաև հազարամյակների ընթացքում ստեղծված մշակութային արժեքներն ու հուշարձանները: Հայ գաղթականների անձնազոհության, մտավորականության ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, Արմ. Հայաստանի տարածքում գտնվող ձեռագրերի մի մասը փրկվել է: Ոչնչացումից փրկված, ինչպես նաև հայկական այլ ձեռագրեր պահվում են Երևանի Մաշտոցի անվ. Մատենադարանում, Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարաններում Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, աշխարհի խոշորագույն գրադարաններում և թանգարաններում:

 

Շարունակելի

Обсудить у себя 1
Комментарии (1)

Блестящая статья!

Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.