Категория: ՄԵԾ ԵՂԵՌՆ

ԱԶԳԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ (2)

 Շարունակություն


Հայ ժողովրդի ազգային-մշակութային եղեռնը շարունակվում է նաև ժամանակակից Թուրքիայում:  Յուրացվում են հայերի հոգևոր և մշակութային արժեքները, ծրագրված ոչնչացվում ճարտարապետական  հուշարձանները, խտրականության է ենթարկվում Կ. Պոլսի հայկական համայնքի դպրոցական կրթական համակարգը  (արգելված է Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայ գրականության դասավանդումը): Հայոց պատմության և մշակույթի վրա թուրքերի հարձակումը հետապնդում է երկու նպատակ.  ցույց տալ, որ Արմ. Հայաստանը չի եղել հայերի հայրենիքի մի մասը և չի եղել հայերի ցեղասպանություն: Ժամանակակից թուրքական պատմագիտությունը կեղծում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը՝ փորձելով  «ապացուցել» հայերի եկվոր, Հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելը, հայ պետական, եկեղեցական և մշակութային գործիչների, այդ թվում՝ Տիգրան Բ Մեծի, Գրիգոր Լուսավորչի, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի թուրք ազգին պատկանելը, ացխատում է «հիմնավորել» դրույթներ այն մասին,  որ Հայաստանը, այսպես կոչված, Արևելյան Անատոլիայում գտնվող մի տարածքի  լոկ աշխարհագրական անունն է, որ հայկական մշակութային հուշարձանները ճիշտ չէ հայկական անվանել, որովհետև դրանք, իբր ստեղծել են թուրքերը: 
 Միաժամանակ պրոպագանդվում է, որ հայ ճարտարապետների կառուցած քրիստ. և  մահմեդ.  տաճարներն ու այլ շինությունները «հատուկ են միայն թուրք. հանճարին», հայ երգարվեստի և կիրառական արվեստի բազմաթիվ  նմուշներ վերագրվում են թուրքերին: Տարիներ շարունակ Հայաստան անունը հետևողականորեն ջնջվում է թուրք. քարտեզներից (1970-ական թթ-ից նույն կերպ էին վարվում նաև նախկին ԽՍՀՄ-ում  հրատակվող Թուրքիայի շատ քարտեզներում),  տեղեկատուներից և ուղեցույցներից, անգամ թարգմանություններից:  Իսկ երբ, այնուամենայնիվ, այդ անունը հայտնվում է տպագիր  որևէ հրատարակությունում, բռնագրավվում է ամբողջ տպաքանակը, հեղինակներն ու հրատարակիչները ենթարկվում են պատասխանատվության: Թուրք. իշխանությունները բողոքում են արտասահմանյան այն ընկերությունների, հեղինակների կամ հրատարակիչների դեմ, որոնք ժամանակակից Թուրքիայի  տարածքում իրավացիորեն նշում են կամ հիշատակում հայկ. պետությունների, քաղաքների ու մայրաքաղաքների մասին,  խոչընդոտներ են հարուցում Արմ. Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաններում հայկ. մշակույթն ուսումնասիրողներին կամ արգելում ուսումնասիրություն կատարել:

 1920-ական թթ. վերջից Թուրքիայում սկսվել է Արմ. Հայաստանի տեղանունները փոխելու ընթացքը. այդ  նպատակով ստեղծվել է հատուկ վարչություն: Ըստ Զորյան հաստատության (ԱՄՆ) տվյալների, Արմ. Հայաստանի տեղանունների ավելի քան 90 %-ը թրքացվել է («Զարթոնք», 15 սեպտ. 1983):

  Ժամանակակից Թուրքիայում շարունակվում է հայկ. ճարտարապետական հուշարձանների  ոչնչացումը: 1914-ին Արմ. Հայաստանում և Օսմ. կայսրությունում հայկ. եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 էր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  1974 –ի  տվյալների, 1923 –ից հետո մնացած 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը  ավերակ են, 197-ը  ամբողջովին նորոգման կարիք ունեն: Հայկ. ճարտարապետական հուշարձանների ծրագրված ոչնչացման հետևանքով երկրի երեսից ջնջվել են (քանդվել, թողնվել ջրի տակ, ոչնչացվել հրետանային զինավարժությունից) վաղ քրիստոնեական հայկ, ճարտարապետության այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Ագարակի Ստեփանոս Նախավկա (XII դ.), Ալամանի Ս. Անանիա (637), եկեղեցիները, Բագավանի Ս. Հովհաննեսի տաճարը (631-639), համաշխարհային նշանակություն ունեցող Ս. Թեոդորոս եկեղեցին (Բագարան, 624-631),  որի հորինվածքը դուրս է եկել Հայաստանից և  XII դարից տարածվել Եվրոպայում (գիտական գրականության մեջ կա «Բագարանի տիպի  հուշարձաններ» հասկացությունը), Շիրակավանի Ս. Փրկիչ եկեղեցին (890-914),  համալիրային գլուխգործոց Խծկոնքի վանքի (IX-XI դդ.) հինգ եկեղեցիներից չորսը (Ս. Աստվածածին, Ս. Ստեփանոս, Ս.  Լուսավորիչ, Ս. Կարապետ), գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող զարդանկարներով (աստվածաշնչյան թեմաներով) Հակոբավանքը  (Վանի վիլայեթում), միջնադարյան Հայաստանի լուսավորական և հոգևոր խոշոր կենտրոն Նարեկավանքը (X դ.), Մուշի Ս. Կարապետ վանքը (VII-XVII դդ.), Թունջելի վիլայեթում՝ Ս. Աստվածածին (X դ.) և

Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցիները ևն: Ծպնիի (այժմ՝ գյուղ Զիբինի, Կարսի վիլայեթում) եկեղեցին (VII դ.) վերածվել է մզկիթի, իսկ տասնյակ եկեղեցիներ՝ փարախների և գոմերի: Անի մայրաքաղաքում շինությունների ստորին քարերը հանվել են և օգտագործվել շրջակա գյուղերի տների կառուցման համար. դրա հետևանքով  1957-ին փլվել է Փրկչի եկեղեցու (1036) կեսը, 1966-ին ամբողջովին քանդվել է XI դ. եզակի կառույց Հովվի եկեղեցին, իսկ Անիի մյուս շինությունները, այդ  թվում՝ հայկ. ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Մայր տաճարը (989-1001), ամբողջովին քանդվելու վտանգի տակ են:

  Հայերի  ազգային-մշակութային եղեռնը  տեղի է ունենում նաև 1918-ին ստեղծված Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմված է Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ Սյունիք, Վասպուրական և Այրարատ նահանգների տարածքից: Ավելի քան յոթանասուն տարի Ադրբեջանի կառավարությունը (նախկին ԽՍՀՄ կառավարության թողտվությամբ) վարել է հայահալած քաղաքականություն, որի հետևանքով խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում փակվել են հայկ. բազմաթիվ դպրոցներ, Բաքվի հայկ. թատրոնը ևն: Նախիջևանի հանրապետությունում հայկ. մշակույթի կոթողները՝ բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր,  գերեզմանաքարեր (Ագուլիսում, Ջուղայում, Նախիջևանում, Օրդուբադում,  Հադամեջում, Տրունյաց ձորում և այլուր) ոչնչացվել ու ոչնչացվում են որոշակի ծրագրով և նպատակով:  Ադրբեջանում (ինչպես և Թուրքիայում) հայ մշակույթի ոչնչացումը կատարվում է երկու ձևով. Հուշարձանների ոչնչացմամբ և հայ մշակույթի գործիչների ու արժեքների յուրացմամբ:

  Ադրբեջանցի «մասնագետները» հայ որոշ գիտնականների, մցակույթի գործիչների համարում են  աղվանացի գործիչներ, հայկական եկեղեցիներն ու միայն հայ մշակույթին հատուկ խաչքարերը՝ աղվան. Մշակույթի նմուշներ, իսկ ադրբեջանցիներին՝ աղվանների հետնորդներ, հետևաբար, ըստ նրանց, այդ ամենը ադրբեջանական են: Բացի դրանից, Ադրբեջանում հրատարակվում են հակագիտական քարտեզներ,  որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավ-արևելյան տարածքները:

  Հայ բնակչության և հայկական մշակույթի կոթողների ոչնչացման ընթացքն Ադրբեջանում ուժեղացավ 1988-ից, երբ Ղարաբաղի հայ բնակչությունը, իրագործելով ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, որոշեց վերամիավորվել Հայաստանի Հանրապետության  հետ:

  Թուրքիայում և Ադրբեջանում հայերի  ազգային-մշակութային եղեռնի նպատակն է հայ ժողովրդի ստվար զանգվածներին կոտորելուն, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց՝ վերացնել  և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, հայկական քաղաքակրթության  գոյության նյութական արտահայտությունները, որպեսզի չմնան «անհետացած» ժողովրդի վկաները:

Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար: 1987-ի հունիսի 18-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված է, որ թուրք. կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին: Միաժամանակ Եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկ. հուշարձանների նկատմամբ:  ԽՍՀՄ,  Թուրքիայի և Իրանի (այստեղ, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, կարևոր ուշադրություն է դարձվում հայկ. մշակույթի հուշարձաններին) տարածքում հայկ. մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներին էր նվիրված 1990-ի ապրիլին Ստրասբուրգում (Ֆրանսիա) տեղի ունեցած «Հայ ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովը: Ընդունվեցին բանաձևեր (միաժամանակ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԽՍՀՄ և Թուրքիայի  կառավարություններին)՝ «Հայկական հուշարձանների փրկության մասին», «Անիի հուշարձանների մասին» և 1988-ի երկրաշարժից ավերված հուշարձանների մասին:

 

---------------------------------

 Գրականություն. Սրվանձտյան Գ., Հնոց և նորոց, Կ. Պոլիս, 1874: Աճառյան Հ., Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին, Վիեննա, 1900:

Լալայան Ե., Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, պրակ 1, Թիֆլիս, 1915:

Ոսկյան Հ., Տարոն-Տուրուբերանի վանքերը, Վենետիկ, 1953: Սարգսյան Ե., Սահակյան Ռ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Երևան, 1963: Սաֆրաստյան Ա. Խ., Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի Արդարադատության և դավանանքների մինիստրության ներկայացված եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները (1912-1913 թթ.),  «Էջմիածին», 1965, № 1: Քոլանջյան Ս., Մեր ձեռագրական կորուստները, «Էջմիածին», 1965, № 2-7, 1966, № 8-10, 1967, № 5-6: Այվազյան Ս., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1978: Նույնի, Памятники Армянско архитектуры Нахичеванской АССР, Ереван5 1981; Зулалян М., Вопросы древней и средневековой истории Армении в освещении современной турецкой историографии, Ереван5 1970; Lemkin R., Axis Rule in Occupied Europe, W., 1944; Uras E., Tarihte Ermeniler ve ermeni meselesi, Istanbul, 1950; Engin A., Eti tarihi, Istanbul, 1953; Kuper L., Genocide: Its Political Uses in the Twentieth Century, New Haven, 1981; Genocide, Social Sciences Record, v. 24, issue 2,N.Y., 1987; The Armenian QuestionToday, Glendale, 1988.

 

Ա. Հովհաննիսյան

Մ. Հասրաթյան

Սեդ. Կրկյաշարյան

Обсудить у себя 1
Комментарии (1)

Спасибо авторам!

Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.