Категория: Հայերեն էջեր

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՈՒԹ ԾԱԼՔԵՐԸ

  


 

Անցյալում եղած մեծ ջարդերը և հալածանքները   թվում են համարյա չնչին՝ համեմատած հայ ազգի   տառապանքների հետ

1915թ.»:     

 (Morgenthau H., Ambassador  Morgenthau’s  story. Garden City – New York, 1918, p. 324):                                                                               

 Թուրքական քաղաքական և գիտական շրջանակները, մերժելով հայերի ցեղասպանության փաստը, վերջին տարիներին անընդհատ խոսում են խնդիրը պատմաբանների քննությանը հանձնելու մասին: Ո՞րն է նրանց նպատակը: Մի առիթով ես արդեն անդրադարձել եմ այդ խնդրին (տե՛ս իմ Երկու դիտողություն հայերի ցեղասպանության կապակցությամբ հոդվածը, Աթենքի «Հայաստան» թերթում, թիվ 10, 15մայիսի, 2002, էջ 12), բայց կուզեի ավելացնել հետևյալը:

  Հայերի ցեղասպանությունը, որը հայերն անվանում են նաև Մեծ Եղեռն, սովորական պատմական իրադարձություն չէր, այլ մի ամբողջ ժողովրդի ծրագրված բնաջնջում, մշակույթի ոչնչացում՝ երեք նպատակով.

   ա.բնաջնջել Հայկական լեռնաշխարհի բնիկներին՝ հայերին և վերջնականապես հիմնավորվել նրանց բնօրրանում,

   բ. ոչնչացնել հազարամյակների ընթացքում  հայերի ստեղծած մշակույթը,

   գ.իրագործել համաթուրքականության գաղափարը:

 Այդ ծրագրված քաղաքականության հետևանքով ամենաբարբարոսական, մարդատյաց, հիվանդ երևակայության հորինած անասնական, մարդու մտքում ու հոգում չտեղավորվող միջոցներով կոտորվեց ավելի քան 1 500 000 հայ, շուրջ 600 000 հայ դարձան փախստականներ, տասնյակ հազարավորներ բռնի մահմեդականացվեցին, ոչնչացվեցին  ավելի քան 1600 եկեղեցիներ և վանքեր, հարյուրավոր բնակավայրեր, հազարավոր ձեռագրեր, ուր ամփոփված էին հին աշխարհի և միջնադարի հայ և համաշխարհային մշակույթի խոշորագույն նվաճումները:

  Այդպիսով, Մեծ Եղեռնը մի այնպիսի իրողություն էր, որը հնարավոր չէ տեղավորել պատմական շարքային իրադարձության շրջանակի մեջ, այն տեղադրվում է միայն 1948-ի դեկտեմբերի 9-ին  ՄԱԿ-ի ճանաչած Ցեղասպանության հանցագործության  շրջանակներում:

  Թուրք գործիչների ու պատմաբանների՝  հարցը պատմաբաններին հանձնելու  առաջարկը ինչքան անբարոյական է, նույնքան էլ վիրավորական է ո՛չ միայն հայերի, այլև մարդկության համար: Մի՞թե գերմանացիներն ասացին՝ եկեք քննենք. հարավսլավացիներին, լեհերին, հրեաներին, գնչուներին, ռուսներին, ուկրաինացիներին ոչնչացրե՞լ ենք, թե ոչ:

Հասկանալի է, որ հայկական կողմը պետք է մերժի և մերժում է այդ առաջարկը, որովհետև հայերի այժմյան սերնդի զգալի մասը որբացել է և կորցրել է իր հայրենիքը թուրք պատմաբանների համար ուսումնասիրության առարկա հանդիսացող իրադարձությունների պատճառով, մերժում է, որովհետև մարդկությունը և, առաջին հերթին, Թուրքիան, պետք է ճանաչեն հայերի ցեղասպանությունը՝ XX դ. առաջին ցեղասպանությունը, որի վերաբերյալ գոյություն ունի փաստաթղթերի, հիշողությունների, վկայությունների, ուսումնասիրությունների, հաղորդումների, ականատեսների պատմածների, դիվանագիտական ուղերձների, լուսանկարների, շարժանկարների հսկայական քանակություն: Դրանց հեղինակներն են անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, ամերիկացի, հույն, նորվեգացի, վենեսուելացի, վրացի, բելգիացի, ռուս, լեհ, դանիացի, իսպանացի, արաբ, պարսիկ, շվեդացի, ավստրիացի, իտալացի, բուլղարացի, հրեա և այլազգի (անաչառ լինելու համար չեմ հիշատակում հայերին) դիվանագետներ, առաքյալներ, պետական և ռազմական գործիչներ, պաշտոնյաներ, պատմաբաններ, հոգևորականներ, ականատեսներ, մարդասերներ, գրողներ, որոնց թվում են՝ Ադոսսիդեսը, Ահմեդ Ռեֆիքը, Է.Արսլանը, Թ.Աքչամը, Ա.Բալֆուրը, Ս.Բոլդուինը, Ջ,Բրայսը, Ա.Բարբյուսը, Վ.Բրյուսովը, Բ.Գեմբարսկին, Հ.Գիբբոնսը, Վ.Գորդլևսկին, Է.Գրեյը, Խ.Գուրիարանը, Լ.Դեյվիսը, Է.Դիլոնը, Զահր Էդ Դինը, Ֆ.Էրմակորան, Ա.Թոյնբին,Դ.Լանգը, Յո.Լեփսիուսը, Դ.Լլոյդ Ջորջը, Խրիսանթոսը, Գ.Կացարովը, Մ.Կովալևսկին, Է.Կրաֆտ-Բոնարը, Ջ.Հարրիսը, Ֆ.Հաֆիզը, Թ.Հոֆմանը, Ֆ.Ղոսեյնը, Ա.Մանդելշտամը, Յո.Մարկվարտը, Վ.Մետեռնիխը, Ժ.Մորգանը, Հ.Մորգենթաուն, Մ.Յակոբսենը, Ա.Յոհանսոնը, Նաիմ բեյը, Ֆ.Նանսենը, Ռ.Նոգալեսը, Ի.Չառնին, Ռ.Պինոնը, Մ.Ռիֆաթը, Է.Ռոբինսոնը, Պ.Ռոդակիսը, Ա.Սաիդը, Ջ.Սալեհը, Ռ.Սեսիլը, Ֆ.Սիդարին, Հ.Վանգենհայմը, Ա.Վեգները, Է.Վեռները, Յու.Վեսելովսկին, Ֆ.Վերֆելը, Ե.Տառլեն, Ք.Ուոքերը, Ջ.Քերզոնը, Է.Ֆայնը, Ա.Ֆրանսը և շատ ու շատ ուրիշներ (դարձյալ չեմ թվարկում հայերին):

  Հիշատակածս անձնավորությունները տարբեր են և՛ ազգությամբ, և՛ հասարակական դիրքով, և՛ բնավորություններով, և՛ հայերի նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքով, սակայն նրանց միավորում է մեկ բան. նրանք վկայում են հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության  մասին:

  Հայերի ցեղասպանության մասին փաստաթղթեր կան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության և այլ երկրների դիվաններում: Գերմանիայում, օրինակ, կա հայերի ցեղասպանության վերաբերյալ շուրջ 3000, Հայաստանի Հանրապետությունում՝ 12 000 փաստաթուղթ:

   Թուրքերը հայտարարում են, թե իրենց դիվաններում փաստաթղթեր չկան ցեղասպանության վերաբերյալ: Իսկ ի՞նչ եղան 1919 – 1920 թթ. Կ.Պոլսում տեղի ունեցած երիտթուրքերի պարագլուխների դատավարության նյութերը կամ այլ փաստաթղթեր: 

  Հայերի ցեղասպանության փաստն անհերքելի է, սակայն թուրքերը ( ի բացառյալ սակավաթիվ  թուրք մտավորականների) շարունակում են պնդել հակառակը և առաջարկում են հարցը դնել պատմաբանների քննությանը:  Արդ, ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք:

ա. Նսեմացնել համաշխարհային պատմության ամենասև էջերից մեկը, հայերի ցեղասպանությունը իրենց համար վտանգավոր քաղաքական ասպարեզից տեղա-փոխել համեմատաբար անվտանգ գիտական ուսումնասիրության ասպարեզ:  

բ.Թուրքերի պնդումը, թէ հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր չկան, նախատեսված է տգետների և նրանց համար, ում քաղաքական նկատառումներով հարմար չէ ճանաչել հայերի ցեղասպանությունը:

գ.Թուրքերը ցանկանում են ձգձգել հարցը:

դ. Պատմական գիտության թուրքական դպրոցը տվել է փայլուն կեղծարարներ: Նշեմ մի  քանիսին՝ Թ.Աթաեով, Զ.Գյոքալփ, Շ.Գյունալթայ, Ք.Գյուրյուն, Ա.Էնգին, Մ.Էոքե, Ու.Էսադ, Ա.Էրդեն, Զ.Թողան, Մ.Հոջաօղլու, Է.Հալիդե, Ա.Յալչըն, Է. Ուրաս, Ա.Քեմալ, Ֆ.Քըրզըօղլու, Ս.Քոչաշ, Ի.Էոզքայա ևն, ևն:  Ժամանակակից թուրք պատմաբաններն, անշուշտ, կշարունակեն կեղծարարության հրաշալի դպրոցի ավանդությունները և ամեն ինչ կանեն կեղծելու համար իրականությունը:

ե. Թուրքերը կփորձեն օգտագործել նաև ոչ թուրք պատմաբանների կամ դիվանագետների հնարավորությունները՝ տարբեր միջոցներով նրանց գրավելով իրենց կողմը (նրանք արդեն գտել են  տարօրինակ դիմախաղ ունեցող շոտլանդական ծագումով ամերիկացի Ջ. Մակքարթնիին և հայկական ծագում ունեցող «թուրք» Լևոն Դեբաղյանին և այլոց) կամ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կարող է փոխել իր կարծիքը: Չէ՞ որ մենք ունենք մտափոխության փայլուն օրինակ՝ ի դեմս Դ.Ատկինսոնի, որը 1993 թ., լինելով Լեռնային Ղարաբաղում, հայտարարում էր, որ նա և իր ներկայացրած կազմակերպությունն ամեն ինչ կանեն, որպեսզի Ղարաբաղի հայերը իրենց հողում ապրեն ազատ, լիիրավ կյանքով, իսկ 2004 թ., իբրև ԵԽԽՎ-ում Ղարաբաղի մասին զեկուցող, գտնում էր, որ Լեռնային Ղարաբաղի վրա չի տարածվում ինքնորոշման սկզբունքը:

  Այնուամենայնիվ ճիշտ էր Փիլիպպոս Մակեդոնացին՝ Ալեքսանդր Մեծի հայրը, երբ ասում էր. «Չկա այնպիսի ամրություն, որը չկարողանա գրավել ոսկով բարձած էշը»:

  Սակայն ինչքան էլ թուրքական պաշտոնական շրջանակները ձգտեն տարբեր միջոցներով և ոսկով բարձած էշերով մերժել հայերի ցեղասպանությունը, այնուամենայնիվ կհաղթի ճշմարտությունը:

                                                                                 

 Գրեց՝  Ս.Սայաս

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.