Категория: Հայերեն էջեր

ՄԵԿ ՇԻՆԾՈՒ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Այս վերնագրով իմ  հոդվածը լույս է տեսել Աթենքի  «Նոր աշխարհ» շաբաթաթերթի 1999 թ. հուլիսի 20-ին (թիվ 850, էջ 2): Թեև անցել է 14 տարի, այնուամենայնիվ նյութը մնում է արդիական, որովհետև անիրազեկության կամ  անտարբերության պատճառով շարունակվում է գործածվել այն եզրը (տերմինը), ինչի մասին խոսվում է  հոդվածում: Այդ պատճառով աննշան փոփոխություններով այն զետեղում եմ այս կայքէջում՝ հույսով, որ հայերը վերջապես կդադարեն գործածել այդ շինծու հասկացությունը:  


1988 թ. սկսած, երբ սրվեցին Խորհրդային Հայաստանի և նրա արևելյան դրացի, այսպես կոչված, «Ադրբեջանի հանրապետության» հարաբերությունները՝ բուն հայկական տարածքի՝ Ղարաբաղի առնչությամբ, միջազգային լրատվական միջոցները (մամուլ, ձայնասփյուռ, հեռատեսիլ) սկսեցին հաճախ սխալմամբ գործածել և հիմա էլ  գործածում են «ազերի» եզրը՝ նշելու համար Հայաստանի Հանրապետության արևելյան դրացիներին:

 Եթե այդ եզրը օտարերկրյա  լրատվական միջոցները գործածում են իրենց անտեղյակության պատճառով, ապա զարմանալի է, որ այն գործածում են նաև հայերը և հայկական որոշ թերթեր:

 Պարզաբանեմ, թե ինչու է սխալ «ազերի» եզրը Հայաստանի Հանրապետության արևելյան դրացիներին նշելու համար:

 Նախ, այսպես կոչված, «Ադրբեջանի հանրապետության» բնակիչների անունը «ազերի» չլինելու ամենապարզ օրինակը հենց «Ադրբեջան» անվանումն է: Եթե այդ երկրում ապրում են «ազերիներ», ապա երկիրը պետք է կոչվի «Ազերիստան»՝ ինչպես՝ Հայաստան, Հունաստան ևն և ոչ՝ «Ադրբեջան»:  Մի՞թե տարօրինակ չէ:

Երկրորդ, «ազերի» անվանումը «ազարի» եզրի թյուրքականացված ձևն է: Իսկ ի՞նչ է նշանակում «ազարի»: «Ազարի» կոչվել է Իրանի հյուսիս-արևմտյան մասում ապրող իրանական ցեղերի լեզուն՝ մինչև այդ տարածքի թյուրքալեզվացումը: «Ազարի» լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող իրանական լեզվախմբի լեզու էր և ոչ մի կապ չուներ թյուրքական լեզուների հետ: Իսկ, այսպես կոչված, «Ադրբեջանի հանրապետության» լեզուն պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի հարավ-արևմտյան ճյուղին:

 XI դ. վերջից Մեծ Հայքի արևելքում, ինչպես նաև Իրանի հյուսիսում սկսեցին բնակություն հաստատել թյուրքական ծագումով քոչվոր ցեղեր, որոնց հայկական սկզբնաղբյուրներում անվանում էին «թուրքմանք»: Այդ ցեղերի հոսքն ուժեղացել է մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ (սկսած XIII դարից): Ժամանակի ընթացքում այդ խառնիճաղանճ ցեղերի մեջ տիրապետող դարձան միջինասիական ծագումով օղուզա-թուրքմենական ցեղերը:

 Իրանի հյուսիսում այդ ցեղերը հիմնականում զբաղեցրին երբեմնի Ատրպատականի տարածքը (դասական պարսկերեն՝ Ադարբայգան, միջին պարսկերեն՝ Ատուրպատական, ժամանակակից պարսկերեն՝ Ազարբայջան, թյուրքականացված՝ Ազերբայջան): Նրանց թյուրքական լեզուն աստիճանաբար տիրապետող դարձավ իրանական միջավայրում:

 Արևելյան Անդրկովկասում նրանք զբաղեցրին Մեծ Հայքի արևելյան երկրամասերը, հիմնականում՝ Առանը (այժմյան «Ադրբեջանի հանրապետության» տարածքը):

Ռուսական կայսրությունում ռուսները, Անդրկովկասի տարածքում ապրող երեք համեմատաբար մեծաթիվ ժողովուրդներից, հստակ տարբերում էին հայերին և վրացիներին՝ իբրև առանձին ժողովուրդներ, իսկ երրորդներին (այսպես կոչված, «Ադրբեջանի հանրապետության» բնակիչներին) անվանում էին «կովկասյան թաթարներ», «ատրպատականի թաթարներ», «թուրքմեն-թաթարներ» կամ, պարզապես՝ «թաթարներ»:

Ռուսական գրականության մեջ, միաժամանակ, նշվում է, որ  այդ թաթարները (այսինքն՝ «Ադրբեջանի հանրապետության»  թյուրք տարրերը – Ս.Ս.), սելջուկյան թուրքերի և թաթար-մոնղոլների հետնորդներն են և մշակութային զարգացմամբ զիջում են հայերին և վրացիներին:

 Երբ 1918 թ. Անդրկովկասի այդ երեք ժողովուրդները իրենց տարածքները հռչակեցին անկախ՝ հայերը և վրացիները իրենց երկրներն անվանեցին իրենց իսկ անուններով, ինչը միանգամայն բնական էր: Իսկ կովկասյան թաթարներն իրենց հանրապետությունը կոչեցին ոչ թէ Կովկասյան թաթարների հանրապետություն, ինչը նրանց ոչինչ չէր տալիս, այլ՝ «Ադրբեջանի հանրապետություն»: Այդ անվանումը՝ նրանց զբաղեցրած տարածքի վերաբերյալ ճիշտ չէ, որովհետև իրական և միակ Ադրբեջանը գտնվում է Երասխ  գետից հարավ՝ Իրանում: Այդօրինակ անվանումը հետապնդում էր հեռավոր նպատակ՝ նախ անվանապես և գաղափարապես, ապա, հնարավորության դեպքում՝ իրապես զավթել իրանական, բուն Ադրբեջանը:

 Խորհրդային ժամանակաշրջանում «Ադրբեջանի հանրապետության» պետական և կեղծգիտական շրջանակները, չբավարարվելով «Ադրբեջան» անվանումը յուրացնելով, սկսեցին շրջանառության մեջ դնել նաև «ազերի» եզրը՝ ձգտելով հիմնավորել իրենց «բնիկ» լինելու պարագան՝ և այդ ձևով ևս «ցույց տալ», թե իրենք են իրական տերերը իրանական Ադրբեջանի (շեշտեմ՝ միակ և իրական Ադրբեջանի):

 Պետք է հատուկ նշեմ, որ և՛ «Ադրբեջանի հանրապետություն» հռչակելը, և՛ «ազերի» անվանումը գործածելը, մեծագույն դժգոհություն առաջացրին ոչ միայն պարսկական, այլև բուն, իրական ադրբեջանական (որոնց անունը գողացվել էր) պետական և գիտական շրջանակներում, որոնք հիանալի հասկանում էին և՝ են իրենց հյուսիսային դրացիների (թյուրքերին հատուկ) նվաճողական ձգտումները:

Ինչպես երևում է վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության արևելյան դրացիները, հիմնավորվելով հիմնականում հայկական բուն տարածքների վրա, յուրացնելով այլ ժողովուրդների անունները՝ փորձում են աշխարհին ներկայանալ իբրև բնիկներ և իբրև հին մշակույթ ունեցող ժողովուրդ: Բայց փաստերը ցույց են տալիս այլ բան: Նրանց քոչվոր անցյալն ու հոգեբանությունը արտացոլվում է և ներկայումս:

Արդ, ինչպես տեսնում ենք, ճիշտ չէ նրանց «ազերիներ» կամ «ադրբեջանցիներ» անվանելը, որովհետև նրանք ոչ մի կապ չունեն ո՛չ «ազարի» լեզվի և ո՛չ էլ բնիկ, իրանական ադրբեջանցիների  հետ: Նրանց կարելի է անվանել պարզապես՝ «կովկասյան թաթարներ» կամ՝ «թուրքմանք, որը հենց նրանց իրական հայերեն անվանումն է:

 Ծայրահեղ դեպքում կարելի է չակերտներով գրել՝ «ադրբեջանցիներ», որով ցույց կտրվի, որ նրանք իրենց այդպես են կոչում՝ թեև ադրբեջանցիներ չեն: 

Հավելում

 Պետք է նշեմ. որ համացանցի որոշ կայքերում կովկասյան թաթարներին անվանում են «կովկասյան թուրքեր», ինչը ավելի ճիշտ է, քան «ադրբեջանցի» կամ «ազերի» անվանելը:

  Չեմ կարողանում հասկանալ որոշ հայերի և հայ մամուլի որոշ միջոցների տրամաբանությունը.  ի՞նչն է նրանց դրդում կամ ստիպում՝ գործածել «ադրբեջանցի» կամ «ազերի» անվանումը «կովկասյան թաթարներ» անվան փոխարեն, չէ՞ որ պարզից էլ պարզ է դրա անճիշտ լինելը: 

Գրեց՝ Ս. ՍԱՅԱՍ

 

 

 

 

 

Обсудить у себя -1
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.