Категория: Հայերեն էջեր

ԵՐԿՈՒ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այս հոդվածը տպագրվել է Աթենքի «ՀԱՅԱՍՏԱՆ» թերթում, թիվ 10, 15 մայիսի 2002,  էջ 12:   Այն այժմ էլ արդիական է: Ներկայացնում եմ աննշան փոփոխություններով:


Երբ ամեն անգամ, խոսք է գնում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, թուրքական շրջանակները, խուսափելով հարցի ծավալումից, պնդում են, թե այդ հարցով թող զբաղվեն պատմաբանները:

 Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք:

 ա. Նրանք ուզում են խնդիրը տեղադրել մի փոքր շրջանակի մեջ (սկյուռիկը  վանդակում): Քանի –որ պատմական ուսումնասիրությունները մատչելի են միայն նեղ շրջանակներին, հայերի ցեղասպանության իրողությունը, նրանց կարծիքով, չի ստանա լայն արձագանք և աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից:

 բ. Հարցը պատմաբաններին հանձնելով՝ թուրք դիվանագետներն ու քաղաքական գործիչները հույս ունեն, որ թուրք պատմաբանները, որոնք պատմության հմուտ կեղծարարներ են, զանազան հնարքներով, իրադարձությունների կամայական  մեկնաբանություններով, փաստերի աղավաղմամբ և այլ միջոցներով հայերի ցեղասպանությունը կդաձնեն մի աննշան երևույթ: Միաժամանակ, որոշ ոչ թուրք պատմաբանների (ամերիկացի, եվրոպացի և այլն) պատվիրելով հարցի՝ իրենց ձեռընտու շարադրանքը՝  ստեղծել պատրանք, թե ցեղասպանությունը մերժում են նաև «անշահախնդիր» եվրոպացիներն ու ամերիկացիները: Ցավով պետք է նշեմ, որ նման պատմաբանների մեջ կան նաև հայեր, որոնց ես կանվանեի «հայոց պատմության վասակներ»:

Իսկ Հայաստանի պատմաբանները կամ կլռեն, կամ էլ նրանց ձայնը կխճճվի պինգվինազգեստ դիվանագետների հյուսած սարդոստայնի մեջ:

 Հրեական (իսրայելական) դիվանագիտական շրջանակները, այն հարցին, թե ինչու՞ ցեղասպանության ենթարկված ժողովրդի պետությունը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, պատասխանում են, որ հրեաների ողջակիզումը ծրագրված և կազմակերպված էր, ուստի իսկական ցեղասպանություն էր, հրեաներն այդ առումով բացառիկություն են, իսկ հայերին պարզապես կոտորել են:

 Ի՜նչ երանելի բացառիկություն՝ հրեաների և թշվառ մխիթարություն՝ հայերի համար:

  Չմեկնաբանելով այդ հայտարարությունների քաղաքական նպատակաուղղվածությունը՝ ուզում եմ հրեա քաղաքագետներին և դվանագետներին խորհուրդ տալ՝  չհնարել ցեղասպանության նոր բնորոշում, քանի-որ ցեղասպանությունն արդեն բնորոշված է ՄԱԿ-ի 1948 թ. հատուկ կոնվենցիայով: Կոնվենցիան նշում է. ցեղասպանություն համարվում են այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ (հոդված 2):

 Ցեղասպանության գործողություններ են համարվում.

 ա. նշված խմբերի սպանությունը,

 բ.  նշված խմբերին մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը,

գ. Այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է նշված խմբերի լիակատար  կամ մասնակի ոչնչացումը,

դ. ծննդաբերության կանխման միջոցները,

ե. Երեխաների հանձնումը մի խմբից մյուսին:

  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ հինգ կետում նշված հանցագործությունները կիրառվել են շատ ժողովուրդների, այդ թվում, մեծ չափերով՝ հրեաների նկատմամբ: Եվ ես առիթ եմ ունեցել գլուխս խոնարհելու նրանց հիշատակի առջև:

Բայց պետք է հիասթափեցնեմ իմ ընդդիմախոսներին. Այդ հինգ կետում նշված հանցագործությունները, ցավոք, կիրառվել են հայերի նկատմամբ՝ դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ, ընթացքում (առավել լայն չափերով) և հետո: Ուզում եմ նաև լուսավորել հրեա անտեղյակ քաղաքագետներին և դիվանագետներին. հայերի ցեղասպանությունը ծրագրված և կազմակերպված էր հրեականից ոչ վատ, եթե ոչ՝ ավելի լավ:

Ժամանակ խնայելու նպատակով ես օրինակներ չեմ բերի, բայց խորհուրդ կտամ աչքի անցկացնել հայերի ցեղասպանության ծրագրված և կազմակերպված լինելու հարյուրավոր վկայություններից միայն երեքը.

 ա. Մևլան Զադե Ռիֆաթ, «Օսմանյան հեղափոխության մութ ծալքերը և Իթթիհադի հայաջինջ ծրագիրը» (արաբատառ թուրքերեն, Հալեպ, 1929),

 բ. «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում», փաստաթղթերի և նյութերի ժողովածու (ռուսերեն, 2-րդ հրատ., Երևան, 1982, հայերեն, Երևան, 1991),

գ. The Memoirs of Naim Bey, Turkish Oficial Documents Relating to the Deportations and Massacres of Armenians.Compilend by Aram Andonian, 1920):

Ի միջի այլոց, հրեա դիվանագետնե՛ր, Մևլան Զադե Ռիֆաթի հիշողությունները  կարդացեք առավել ուշադիր, այնտեղ հետաքրքիր դիտողություններ կան հրեաների մասին, որոնք չեմ կարծում, թե կհավանեք:

 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հայերի ցեղասպանւթյունը, չստացավ իր գնահատականը և հետագայի ճիվաղներին ոգևորեց նոր չարագործությունների:

  1939 թ. օգոստոսի 22 –ին  (երեքշաբթի օրը) Հիտլերը, Վերմախտի բարձր հրամանատարության առջև ելույթ ունենալով, մասնավորապես նշել է. «...պատերազմի նպատակը որոշակի բնագերի ձեռքբերումը չէ, այլ հակառակորդի ֆիզիկական բնաջնջումը...: Այսօր ո՞վ է խոսում հայերի ոչնչացման մասին»:

  Եթե համեմատելու լինենք երկու ցեղասպանություները (թեև սադիզմ է, բայց ես հետևում եմ իմ ընդդիմախոսներին), ապա պետք է արձանագրենք, որ հրեաներին կոտորում էին իրենց երբեմնի և այժմյան հայրենիքից հազարավոր մղոններ հեռու գտնվող երկրներում, իսկ հայերին կոտորում էին իրենց իսկ հայրենիքում..., եթե հրեաներից խլում էին ունեցվածքը, կյանքը, ապա հայերից խլում էին ունեցվածքը, կյանքը և հայրենիքը...

 Եթե հրեա մեծ պատմագիր Հովսեպոս Փլավիոսը ապրեր մեր ժամանակներում, հավանաբար կասեր. «Հրեշավոր է տեսնել, թե ինչպես դեպքերի նկատմամբ եղած ճշմարտությունը շեղվում է ճանապարհից, մինչդեռ հրեա որոշ քաղաքագետներ և դիվանագետներ, լսելով միայն կեղծիք և հերյուրանք, անգիտակ են իրական դեպքերին»:

 Վերջացնելով ուզում եմ ասել թուրք և հրեա որոշ դիվանագետներին և քաղաքագետներին՝ ձեր կողքին կան ազնիվ թուրք և հրեա մտավորականներ, որոնց ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ազնվության և համարձակության համար, իսկ դուք մի արեք ուրիշին այն,  ինչը չեք ցանկանում ձեզ:

 

     Գրեց՝ Ս. ՍԱՅԱՍ

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.