Категория: Հայերեն էջեր

ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾԻ «ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ» ՏԻՏՂՈՍԻ ՄԱՍԻՆ

Այս վերնագրով հոդվածս տարիներ առաջ (հնարավոր է՝ 1990, 1991 կամ 1992 թ.) տպագրվել էր  «Ուրբաթ» հասարակական-քաղաքական անկախ շաբաթաթերթում: Ցավոք, ինձ մոտ չի պահպանվել այդ լրագրի համապատասխան համարը: Բայց ունենալով բնագիրը՝ այդ նյութը ներկայացնում եմ համացանցի ընթերցողներին:


Պատմագիտության մեջ ընդունված է, որ Տիգրան Բ «արքայից արքա» տիտղոսն ստացել է պարթևներին ընկճելուց հետո, այսինքն՝ մ.թ.ա. 87-85 թթ. (հմմտ.՝ «Հայ ժողովրդի պատմություն», հ. 1, Երևան, 1971, էջ 562, 668-670, այսուհետև՝ ՀԺՊ): Եթե «արքայից արքա» տիտղոսը նշանակում է գերիշխանություն այլ արքաների հանդեպ (հմմտ. ՀԺՊ, էջ 571, 668), ապա, տրամաբանորեն, Տիգրան Բ ավելի շուտ պետք է «ստանար» այդ տիտղոսը, որովհետև մինչև պարթևներին հաղթելը, նա իրեն էր ենթարկել Ծոփքի հայկական թագավորությունը, ասպատակել Կապադովկիան, իր ազդեցությունն էր հաստատել Վիրքում և Աղվանքում (հմմտ.՝ ՀԺՊ, էջ 565, 570: Հայկական սովետական հանրագիտարան, հ. 11, էջ 697):

  Բայց ինչո՞ւ  Տիգրան Բ այդ տիտղոսը ստացել է հենց պարթևներին ընկճելուց հետո: Այդ հարցի պատասխանը, իմ կարծիքով, կապված է Տիգրան Բ-ի արքայատոհմական պատկանելիության հետ. Տիգրանը պատկանում էր նույն արքայատոհմին, որի պատկանում էին և պարթևաց արքաները, այսինքն՝ Արշակունիների արքայատոհմին: Այս միտքը հակասում է Տիգրանի Արտաշեսյան լինելու՝ այժմ ընդունված պաշտոնական տեսակետին: Սակայն Տիգրանի Արշակունի լինելով է, որ հնարավոր է դառնում խնդրի լուծումը: 

 Արդ, ի՞նչ կռվան կա Տիգրանին Արշակունի համարելու: Առաջին և հիմնական կռվանը Մովսես Խորենացու տեղեկություններն են, որոնց համաձայն Տիգրան Միջինը (ժամանակագրական առումով Մովսես Խորենացու Տիգրան Միջինի շրջանը համընկնում է պատմագիտության մեջ այժմ ընդունված Տիգրան Բ Մեծի գահակալման վերջին և Արտավազդ Բ-ի գահակալման առաջին շրջանին), լինելով հայ Արշակունիների հիմնադիր Վաղարշակի ծոռը (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Բ, Գ-ԺԴ)՝  Արշակունի էր: Սակայն պաշտոնական պատմագիտությունը չի ընդունում Մովսես Խորենացու այդ հաղորդումների ճշմարիտ լինելը: Այդ դեպքում, գուցե, դիմենք օտարների՞ն: 

  Մովսես Խորենացուց շուրջ 370 տարի առաջ հայ Արշակունիների մասին կարևոր հաղորդումներ է տվել հռոմայեցի պատմագիր Տակիտոսը, որը, խոսելով պարթևաց արքա Վաղարշ I-ի կողմից Հայոց արքա Տրդատ Ա-ին թագադրելու մասին, նշում է. «Քանզի Վաղարշը, գտնելով, որ հարմար առիթ է ստեղծվել մտնելու Հայաստան, որը մի ժամանակ գտնվել է իր նախնիների տիրապետության տակ և նենգաբար զավթվել է օտար թագավորի (խոսքը հռոմեական դրածո Հռադամիզդ իբերացու մասին է – Ս.Կ.) կողմից» (Տակիտոս, Տարեգրություններ, XII, 50, ընդգծումը իմն է – Ս.Կ.):

Մեկ այլ առիթով Տակիտոսը գրում է, «… Վաղարշը հրավիրեց խորհուրդ և, Տրդատին առաջարկելով նստել իր կողքին, ասաց հետևյալը. «Քանզի այստեղ գտնվող Տրդատը, ծնված նույն հորից, ինչ-որ ես, լինելով կրտսեր, ինձ է զիջել  առաջնությունը, ես նրան տվել եմ Հայոց թագավորությունը, որը մեր տոհմում համարվում է տիրապետության երրորդ աստիճանը, քանզի մարերին ավելի վաղ իր հովանու տակ է վերցրել Բակուրը: Ես կարծում էի, թե, ի հեճուկս եղբայրների միջև եղած հին երկպառակության, ի հարկին կարգավորել եմ մեր ընտանեկան հարաբերությունները» (Տակիտոս, նույն տեղում, XV, 2, ընդգծումն իմն է – Ս.Կ.):

 Տակիտոսի տեղեկություններից պարզ երևում է, որ Հայաստանում Տրդատ Ա-ից (որին արդի պատմագիտությունը համարում է Հայ Արշակունիների արքայատոհմի հիմնադիր) առաջ էլ իշխել է Արշակունիների տոհմը: Այլ կերպ՝ Տակիտոսի տեղեկությունները հաստատում են Մովսես Խորենացու հաղորդումները: Ուրեմն Տիգրան Բ Արշակունի էր: Այդ պարագայում «արքայից արքա» տիտղոսի անցումը կատարվել է հետևյալ կերպ:

Հայաստանում (մ.թ.ա. II դարից) և Պարթևաստանում (մ.թ.ա. III դարից) իշխել են միևնույն տոհմի՝ Արշակունիների գահակալները: Ինչպես նախարարական տներում տոհմի գլխավորը մեկն էր՝ նահապետը, այնպես էլ Արշակունիների տարբեր գահակալներից մեկը պետք է լիներ գլխավորը՝ «արքայից արքան»:

Սկզբից ևեթ տոհմի ավագը Պարթև Արշակունիներն էին, որովհետև Հայ Արշակունիներին Հայոց գահին հաստատել են Պարթև Արշակունիները (հմմտ.՝ Մովսես Խորենացի, նույն տեղում, Բ, ԿԸ): Տիգրան Բ, ըստ պաշտոնական պատմագիտության, հաղթելով նրանց, կոչվել է «արքայից արքա», այսինքն՝   ինքն է դարձել տոհմի ավագը, իսկ ըստ Մովսես Խորենացու, այդ ավագությունը պարթևներից խլել է Արտաշես Ա:

Մովսես Խորենացու որոշ տեղեկություններ, ինչպես նաև Տակիտոսից մեջբերված 2-րդ հատվածը ապացուցում են, որ Հայ և Պարթև Արշակունիների միջև միշտ պայքար է մղվել ավագության համար: Խոսելով Հայոց արքա Արտաշես Ա-ի մասին, Մովսես Խորենացին գրում է. «Արտաշեսն իր հոր՝ Արշակի փոխարեն թագավորում է Հայաստանի վրա… և մեծանալով, չի կամենում  երկրորդական գահը գրավել, այլ ձգտում էր ավագության. Արշականը համաձայնելով՝ տալիս է նրան նախագահւթյունը» (Մովսես Խորենացի, նույն տեղում, Բ, ԺԱ, ընդգծումն իմն է – Ս.Կ.):

Մեկ այլ առնչությամբ Մովսես Խորենացին գրում է. «Այս բոլորից հետո Տիգրանը հիվանդ լինելով, աղաչում է պարսից  (իմա՝ պարթև -Ս.Կ.) Արտաշես թագավորին՝ իրենց մեջ սեր հաստատել իր հոր հպարտության պատճառով, երբ նա պարսիկներից (իմա՝ պարթևներից –Ս.Կ.) խլեց նախագահությունը: Իսկ ինքը (Տիգրանը) երկրորդական գահն ընդունելով, ինչպես օրենքն էր, նախագահությունը իր կամքով վերադարձնում է նրան» (Մովսես Խորենացի, նույն տեղում, Բ, ԺԹ, ընդգծումն իմն է – Ս.Կ.):

Այսպիսով, Տիգրան Բ-ի (ըստ պաշտոնական պատմագիտության) կամ Արտաշես Ա-ի (ըստ Մովսես Խորենացու) կողմից պարթևներից տոհմի ավագությունը (նախագահությունը, առաջնությունը) վերցնելը նշանակում էր Հայ Արշակունիների գերակայությունը Պարթև Արշակունիների նկատմամբ և այս դեպքում «արքայից արքա» տիտղոսը ո՛չ միայն և ո՛չ այնքան նշանակում էր գերիշխանություն այլ արքաների նկատմամբ, որքան նշանակում էր գերակայություն տոհմում: Հետևաբար, անկախ այն բանից Տիգրան Բ կհնազանդեցնե՞ր շատ թագավորներ, թե ոչ՝ նա «արքայից արքա» կկոչվեր միայն պարթևներին հաղթելուց, այսինքն՝ տոհմում ավագություն ձեռք բերելուց հետո: Այդ պատճառով, Տիգրան Բ, Ծոփքի հայկական թագավորությունը Մեծ Հայքին միավորելուց, Կապադովկիայի հռոմեական դրածոյին գահազրկելուց, Վիրքի և Աղվանքի նկատմամբ գերակայություն հաստատելուց հետո անգամ, չէր կարող իրեն կոչել «արքայից արքա» :

  Տիգրան Բ-ի հաջորդներից Արտավազդ Բ, Արտաշես Բ և Տիգրան Դ իրենց նույնպես անվանել են «արքայից արքա», ինչը ոչ միայն ցույց էր տալիս նրանց հզոր արքաներ լինելը, այլև այն, որ նրանք մրցում էին պարթև արքաների հետ այդ տիտղոսը կրելու համար:

 Հայկական հանրագիտարանի նախկին  ավագ գիտական խմբագիր               

 Սեդրակ Կրկյաշարյան

 

 

 

 

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.