Категория: Հայերեն էջեր

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԸՍՏ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ (2)

 


 Շարունակություն

        Հայաստանը և հայերը ըստ «Բրոկհաուզ»-ի

  [«Բրոկհաուզ»-ի 3-րդ հատորում զետեղված են Հայ գրականություն (էջ 130-134), Հայ եկեղեցի (էջ 134-135), Հայաստան (էջ 121-124), Հայկական այբուբեն (էջ 135), Հայերը Ռուսիայում և Լեհաստանում (էջ 130), Հայոց լեզու (էջ 135-136) հոդվածները]:

  Իր ամբողջ ծավալով Հայաստանը համարյա երբեք չի եղել կամ միայն կարճ ժամանակով է եղել ամբողջական պետություն մեկ գահակալի կառավարման ներքո [էջ 121]:

  Հայաստանի առավելագույն երկարությունը արևելքից-հարավ-արևմուտք կազմում է 975-1050 կմ, հյուսիսից-հարավ՝ 525 կմ, այն զբաղեցնում է 357 900 կմ²  տարածություն և Կասպից ծովից ու պարսկական նահանգ Ադերբեյջանից ձգվում է մինչև Փոքր Ասիա, Կուրից մինչև Քրդստան և Միջագետք:

  Բուն կամ Մեծ Հայքն ունեցել է 220 000 կմ²,  Փոքր Հայքը՝ 28 000 կմ²,  ապա՝ 88 000 կմ²  և, վերջապես, Հուստինիանոս I-ի ժամանակ՝ 138 000 կմ²  տարածություն [էջ 121]:

  Հայաստանի մեծ մասը նվաճած արաբները կատարել են տարբեր բաժանումներ, ապա երկիրը հպատակեցրել են սելջուկյանները և, վերջապես, ռուսները, թուրքերն ու պարսիկները այն բաժանեցին միմյանց միջև [ էջ 121]:

  Հայաստանի հյուսիս-արևելյան մասը Պարսկաստանը զիջել է Ռուսաստանին, 1829թ. այդ մասին են միացվել Ախալցխայի փաշայությունը, իսկ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանին են միացվել Արդահանը, Կարսը, Բաթումը և այլ վայրեր, Հայաստանի հարավ-արևելյան փոքր (1/6) մասը պատկանում է պարսիկներին, արևմտյան մասը՝ 2/3-ը ենթարկված է Թուրքիային [էջ 121]:

  Հայաստանում հանդիպում են ընդարձակցածրավայրեր, որոնցից չմշակվող Մուղանի հարթավայրը բավական նշանակալից է, այդ հարթավայրը գտնվում է երկրի [Հայաստանի] արևելյան մասում՝ Կուրի և Երասխի միջև և տարածվում է մինչև Կասպից ծով ու Կովկաս [էջ 121]:

  Անտառային վայրեր հանդիպում են հարավ-արևելքում, Սև ծովին մոտ մասերում, Կուրի և Երասխի միջև՝ Ղարաբաղի և Շուշիի գավառներում [էջ 122]:

  Երկրի քաղաքական ճակատագիրը պատճառ է այն բանի, որ հայերը ցրվել են ամբողջ Առաջավոր և Միջին Ասիայում՝ մինչև Չինաստան և Միջերկրական ծով [էջ 124]:

  Մխիթարյան միաբանությունը մեծ հարգանք է վայելում Վենետիկում և Վիեննայում [էջ 124]:

  Եվրոպական Թուրքիայում ապրում է 400 000 հայ, որոնցից 200 000-ը՝ Կ.Պոլսում, բուն Հայաստանում որոշ տեղեկություններով կա 2 մլն, այլ տեղեկություններով՝ 4-5 մլն  հայ, թեև այդ թվերը ուժեղ չափազանցված են և 1 մլն -ից ավելի չպետք է հաշվել, իսկ ամբողջ հայ ժողովրդի թիվը չի անցնում 2,5 մլն –ից [էջ 124, վերևում նշել եմ եմ, որ հայ ժողովրդի թվի վերաբերյալ կա այլ կարծիք]:

  [Հայերը Ռուսիայում և Լեհաստանում  հոդվածում նշվում է, որ]  XV դ. հայերն արդեն Լեհաստանում աչքի են ընկել զինվորական ծառայության մեջ. հայտնի է, որ նրանք քաջաբար կռվել են Վիտովտի լիտվական զորքում Գրյունվալդի և Տանենբերգի մոտ՝ 1410թ. [նույն տեղում, էջ 130]:

  Լեհական թագավորներ Սիգիզմունդ I, Վլադիսլավ IV, Յան Կազիմիրը հոգացել  և հովանավորել են հայերին, որովհետև նրանք Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի միջնորդներն էին, նրանց ձեռքում կուտակվում էին հսկայական հարստություններ, և ամբողջ երկիրը նրանց շնորհիվ հարստանում էր [էջ 130]:

  Հայերն աչքի էին ընկնում կրթվածությամբ և երբեք չեն խուսափել հասարակական հարկերից, նրանք միշտ հավատարիմ ծառայել են այն երկրին, որտեղ գտել են ապաստան [էջ 130]:

  XVIII դ. առևտրի բնագավառում հրեաները գերակշռեցին հայերին [էջ 130]:

  [«Բրոկհաուզ»-ի հայագիտական մյուս հոդվածները մանրամասնորեն նշում են հայ հին մշակույթի արժեքներն ու արժանիքները]:

  [Ասիա հոդվածում (հ.1) նշվում է, որ]  հայերը գլխավորապես զբաղվում են առևտրով, ըստ որում՝ բուխարացիների հետ տնօրինում են Ասիայի ցամաքային առևտուրը [էջ 221]:

  [Կովկասյան լեզուներ հոդվածում ( հ. 26) նշվում է, որ] հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղին է պատկանում հայերենը, որով խոսում են Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի նահանգներում, Կարսի մարզում և Կովկասյան երկրամասի այլ վայրերում [էջ 818]:

  [Կովկասյան երկրամաս հոդվածում (հ. 26) նշվում է, որ] հայերի թիվը 954 612 է [էջ 837, որ]  ռուսներից հետո Կովկասում ամենամեծ նշանակությունն ունեն հայերը, որոնք, իրենց կենցաղի ամբողջ նահապետականությամբ և հակված լինելով դեպի պահպանողականությունը, ի հայտ են բերում մեծ հակում դեպի եվրոպական կրթությունը և առևտրով ու արդյունաբերությամբ զբաղվելուն [էջ 838]:

  Նրանց մոտ ազգային զգացումը զարգացած է շատ ուժեղ և պահպանվում է կրոնով [էջ 838]:

  Հայերի երկրագործ խավը զբաղվում է հացաբուծությամբ և այգեգործությամբ, իսկ քաղաքաբնակները՝ առևտրով և արդյունաբերությամբ [էջ 838]:

  Շնորհիվ իրենց ձեռներեցության և հակումով դեպի առևտրական շրջանառությունը, քաղաքաբնակ հայերը մենաշնորհել են Կովկասի համարյա ամբողջ առևտուրն ու արդյունաբերությունը. Կովկասի բնակչության զգալի մասը (հիմնականում՝ վրացիները) գտնվում են հայերից տնտեսական կախման մեջ [էջ 838]:

              Վրաստանը և վրացիները ըստ «Բրոկհաուզ»-ի

 [«Բրոկհաուզ»-ի 18-րդ հատորում կան Վրաստան (էջ 795-801), Վրացական էկզարքություն (էջ 787-788), Վրացական արվեստ (էջ 788-791), Վրացիներ (էջ 791-795) հոդվածները ]:

  [Վրաստան հոդվածում խոսվում է վրացիների պատմության, լեզվի ու գրականության մասին, նշվում է, որ] կրակապաշտության դեմ պայքարելու համար վրաց թագավոր Վախթանգ I հայերի հետ մասնակցել էՊարսկաստանի դեմ արշավանքին [էջ 797]:

  Վրացական որոշ իշխանական տներ առաջացել են հայկական իշխանական տներից [էջ 794]:

  Վրաստանը հզորացել է Դավիթ Շինարարի ժամանակից, իսկ նրա հաջորդները՝ Դիմիտրեն և Գեորգի III մահմեդականներից գրավել են Հայաստանի զգալի մասը՝ մինչև Էրզրում [էջ 794: Ընթերցողին ուզում եմ հիշեցնել, որ վրաց թագավորների հաջողություններին մեծապես նպաստել են հայ և վրաց զորքերի ամիրսպասալարներ (գլխավոր հրամանատարներ) Սարգիս, Զաքարե Բ, Իվանե Ա Զաքարյանները]:

  Շահ Աբբասը Կախեթից շուրջ 100 000 վրացի է բռնագաղթեցրել Պարսկաստան և նրանց տեղը բնակեցրել ադրբեջանական թաթարներ [էջ 798]:

  Վրացիների թիվը լայն առումով [այսինքն՝ բուն վրացիներ, իմերեթցիներ, գուրիացիներ ևն ]  993 000 է [էջ 792]:

  Վրացիները Կովկասի գեղեցիկ ժողովուրդներից մեկն են, թեև այդ առումով զիջում են իմերեթցիներին, գուրիացիներին և մեգրելներին, նրանք միջահասակ են (1649 մմ ), լավ կազմվածքով, մազերը՝ թուխ կամ սև, քիթը՝բավական մեծ, հաճախ սապատավոր և մի փոքր կեռ ծայրով, աչքերը՝ շագանակագույն, կապույտ կամ կանաչ, դեմքը՝ թուխ, երբեմն՝ սեմական նրբերանգով [էջ 792 ]:

  Վրացիները ուրախ, շփվող, համակրելի բնավորություն ունեն, կապված են հայրենիքին, հակված են հնին, հին ավանդություններին ու սովորություններին, վստահող են և անկեղծ, դյուրահավատ են երբեմն միամտության աստիճան, բարեհոգի են, զգացմունքային, հյուրասեր,  սիրում են ուրախանալ [էջ 792 ]:

  Վրացիների բացասական գծերն են եռանդուժի և ձեռներեցության պակասությունը, ծուլությունը և մասամբ պահպանողական են. դրանով էլ պայմանավորված է նրանց տնտեսական կախվածությունը հայերից, որոնք առավել վճռական և ձեռներեց են [էջ 792]:

  Վրացիներն ընդհանրապես փնթի են, կանայք տղամարդկանցից մաքրասեր են, վրացիները սննդի հարցում զուսպ են, թեև բարեկամների շրջանում սիրում են խնջույք անել [էջ 793]:

  Աշխարհում ոչ մի ժողովուրդ այնքան գինի չի խմում, որքան վրացիները, ըստ որում՝ նրանք հարբում են հազվադեպ [էջ 793]:

  Վրացիների մոտ  համարյա գոյություն չունի առևտրական դաս. անհիշելի ժամանակներից Վրաստանում առևտրով զբաղվել են մեծամասամբ հայերը [էջ 794]:

  [Վրացական արվեստ հոդվածում նշվում է, որ]  հայերի ու վրացիների նույն ճակատագիրը և մշակույթը թույլ են տալիս ասելու, որ դրանք չի կարելի իրարից բաժանել և կարելի է դիտել միևնույն անունով՝ «հայ-վրացական» կամ «վրաց-հայկական» մշակույթ [էջ 788]: Հիմնական նմանությունը ճարտարապետության մեջ է [էջ 788]:

  [Վրաստան հոդվածում նշվում է, որ]  վրացերենը ամենահին մշակութային լեզուներից մեկն է [էջ 798]:

  Բրոկհաուզ»-ի Ասիա հոդվածում (հ. 1) նշվում է, որ] Կովկասի ժողովուրդներից միայն վրացիներն ունեն գրականություն՝ մշակված պարսկական օրինակներով, բայց քրիստոնեության ազդեցությամբ  [էջ 220: Տվյալ դեպքում հայերը չեն դիտվում իբրև Կովկասի ժողովուրդ, որովհետև հայերը Կովկասից հարավ գտնվող Հայկական լեռնաշխարհի բնիկներն են]:

  

                    Կովկասյան թաթարները ըստ «Բրոկհաուզ»-ի

    [Ասիա հոդվածում (հ. 1) նշվում է, որ] թյուրքական ցեղերը բաժանվում են չորս խմբի, մեկը որոնցից թաթարներն են՝  Մերձուրալում, Կազանի և Աստրախանի շուրջ, ինչպես նաև նրանց ցեղակիցները Հյուսիսային Կովկասում[էջ 219]:

  [Կովկասյան լեզուներ հոդվածում  (հ. 26) նշվում է, որ] Անդրկովկասի թյուրքական լեզուներին է պատկանում նաև լեզուն, այսպես կոչված, ադերբեյջանական թաթարների, որոնք կազմում են Անդրկովկասի արևելյան կեսի գլխավոր զանգվածը. դա թյուրքական բարբառ է, որը խիստ ազդվել է պարսկերենից, կոչվում է ադերբեյջանական՝ Անդրկովկասին սահմանակից պարսկական նահանգի անունով [էջ 818]:

  [Կովկասյան երկրամաս հոդվածում (հ. 26) նշվում է, որ]թաթարների թիվը1 139 659 է [էջ 837]:

  Ադերբեյջանական թաթարները կազմում են Արևելյան Անդրկովկասի բնակչության զգալի, իսկ որոշ տեղերում՝ գլխավոր մասը, ապրում են Ելիզավետպոլի, Բաքվի, Երևանի և Թիֆլիսի նահանգներում [էջ 838]:

  Իրենց կենսակերպով նրանք բաժանվում են նստակյացների և կիսաքոչվորների, որոնցից վերջինները մեծ չափով զբաղվում են անասնապահությամբ՝ ամեն տարի իրենց հոտերով քոչում են. գարնանը՝ լեռները, աշնանը՝ հարթավայրերը [էջ 838]:

  Անդրկովկասի թաթարները, առանձնապես նրանք, որոնք կիսաքոչվոր կյանք են վարում, քրդերի հետ (Երևանի, Ելիզավետպոլի նահանգներում և Կարսի մարզում) կազմում են Անդրկովկասի ամենաանհանգիստ բնակիչները. նրանք վրիժառու են և անգրագետ, հակված են խաբելու,  գողության և կողոպուտի, որոնցով հաճախ զբաղվում են քոչերի ժամանակ, ինչի հետևանքով դարձել են նստակյաց բնակչության պատիժը [էջ 838]:

  Նստակյաց թաթարների սովորությունները զգալիորեն մեղմ են և կրում են ուժեղ պարսկական ազդեցության հետք [էջ 838]:

   Կովկասի մահմեդականների մեջ ամենամեծ մոլեռանդությամբ աչքի են ընկնում թաթերը, ադերբեյջանական թաթարները և Դաղստանի լեռնականները [էջ 840]:

  [Թաթարներ հոդվածում (հ. 64) նշվում է, որ] թաթարներ բառը մի շարք մոնղոլական և, գլխավորապես, թյուրքական ծագումով, թյուրքերեն խոսող ժողովուրդների հավաքական անունն է [էջ 671]:

  Թաթարները բաժանվում են երեք խմբի՝ ասիական կամ սիբիրական, եվրոպական և կովկասյան [էջ 672]:

  Կովկասյան թաթարներն ապրում են հիմնականում Թիֆլիսի, Ելիզավետպոլի նահանգներում, Դաղստանի մարզում և Զաքաթալայի շրջանում, ընդհանուր թիվը շուրջ 1 200 000 է [էջ 672]:

  [Թյուրքական բարբառներ և գրականություն հոդվածում (հ. 67) նշվում է, որ] թյուրքական լեզուներով խոսում են նաև, ի թիվս այլոց, ադերբեյջանական և անդրկովկասյան թաթարները [էջ 159],  որ դրամատիկստեղծագործությունները տարածված են նաև անդրկովկասյան և ադերբեյջանական թաթարների մոտ. XVIII-XIX դդ. նրանք ունեցել են մի քանի քնարական բանաստեղծներ, որոնց ստեղծագործությունները բնագրով հրատարակել է Ա. Բերժեն [էջ 164]:

  [ԱՀ-ի հայագիտական նյութերը զետեղված են Արարատ (էջ 57), Հայաստան (էջ 60), Ասքենազ (էջ 66), Եփրատ (էջ 210), Հաբեթ (էջ 316), Մինի Միննի (էջ 475), Տիգրիս (էջ 696), Ջրհեղեղ (էջ 850) հոդվածներում:

  Արարատ (ըստ ԱՀ-ի նշանակում է Սուրբ հող) հոդվածում նշվում է, որ] այն մարզ է կամ երկիր, որը գտնվում է Հայաստանի կենտրոնինմոտ [էջ 57]: Այն ունեցել է մի քանի քաղաք, որոնք եղել են Հայաստանիժառանգական թագավորների և կառավարիչերի նստավայրեր, այդ պատճառով Արարատ բառը հաճախ օգտագործվում է ամբողջ երկիրը(Հայաստանը) անվանելու համար: Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի սահմանին, Երասխի բարձրադիր հարթավայրում, բարձրանում է Հայաստանի բարձր լեռներից մեկը՝ երկու գագաթով՝ Մեծ և Փոքր Արարատը [էջ 57]: Այստեղ է հանգրվանել տապանը, այստեղ է հաստատվել  Աստծու ուխտը մարդկանց հետ, Նոյը այստեղ հիմնել է առաջին զոհասեղանը Աստծուն [էջ 58]: 1828 թ. ռուս-պարսկական վերջին պատերազմից հետո Ռուսաստանի տարածքը ընդարձակվել է և ընդգրկել նաև Արարատը և հիմա նրա ստորոտին կարելի է տեսնել երեք երկրների՝ Ռուսաստանի, Պարսկաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին [այնուհետև հոդվածում հիմնավորվում է, որ Նոյն իսկապես հանգրվանել է այս Արարատի վրա, էջ 58]:

  [Հայաստան հոդվածում նշվում է, որ]  այն երկիր է Փոքր Ասիայի արևելյան վերջավորությունում, արևելքից-արևմուտք՝ 430 անգլիական մղոն,*  հյուսիսից-հարավ՝ 300 անգլիական մղոն** տարածությամբ.*** սահմանակցում է Միջերկրական ծովին՝ հարավ-արևմուտքում, Սև ծովին՝ հյուսիս-արևմուտքում, Կասպից ծովին՝ արևելքում, արևմտյան սահմանը Կ.Պոլսից հեռու է 600 անգլիական մղոնով**** [էջ 60]: Հայաստանից սկիզբ

  են առնում Տիգրիս, Եփրատ և այլ գետերը [էջ 60]: Հայաստանը բաժանվում է 15 նահանգի, որոնցից կենտրոնականը Արարատյանն է, ուր գտնվում է Աստվածաշնչյան լեռը [էջ 60]:

  Սուրբ գրքում (Չորրորդ գիրք թագավորած, ԺԹ,37: Մարգարեություն Եսայու, ԼԷ, 38) Հայաստանն անվանվում է Արարատյան երկիր [էջ 60, հայերեն Աստվածաշնչում՝ Արարադի երկիր]:

  Բոլոր հայերը քրիստոնյա են՝ քիչ բանով տարբերվելով արևելահունական եկեղեցուց, միայն մի փոքր մասը կաթոլիկներ են, բայց բոլորն էլ հոգևոր առաջնորդ են ընդունում Էջմիածնի պատրիարքին [էջ 60]:

  [Ասքենազ հոդվածում ասվում է, որ]  նա Հաբեթի թոռն էր և հավանաբար Ասքանազյան ժողովուրդների (Մարգարեություն Երեմիայի, ԾԱ, 27) նախահայրն էր. այդ ժողովուրդներն ապրում էին Սև ծովի հարավ-արևելյան, արևելյան կողմում, թեև երկրի ճիշտ տեղադրությունը հայտնի չէ, ենթադրվում է, որ նրանց անունով է կոչվել Սկանիան կամ Սկանդինավիան [էջ 66: Ասքենազ հոդվածը հիշատակեցի նկատի ունենալով այն պարագան, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում մ.թ.ա.VII-VI դդ. գոյություն է ունեցել Ասքանազյան հայկական թագավորությունը, որի հզոր թագավորներից են եղել Պարույր Սկայորդին և Հրաչյան]:

  [Մինի Միննի հոդվածում նշվում է, որ]  այն երկիր է Արարատի (այսինքն՝ Հայաստանի) և Ասքենազի միջև, ենթադրվում է, որ դա հայկական մարզ էր [էջ 475]:  Ասորական Աստվածաշնչում Միննին թարգմանված է Հայաստան [էջ 475]:

  [Եփրատ (էջ 210) և Տիգրիս (էջ 696) հոդվածներում ասվում է, որ] այդ գետերը սկիզբ են առնում Հայաստանից:

[Հաբեթ հոդվածում նշվում է, որ] Նոյի որդին էր և նրա անվան հետքը գտնում են Հայաստանի Նպատ լեռան անվանումների մեջ [էջ 316]:

  Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ արդար և կատարյալ Նոյի տապանը հանգրվանել է Հայաստանում՝ Արարատ լեռների վրա [Ջրհեղեղ հոդված, էջ 851]:

  [ԱՀ-ում հոդվածներ չկան Վրաստանի և վրացիների վերաբերյալ, քանի-որ աստվածաշնչյան ժամանակներում այդ երկիրը և ժողովուրդը չէին կազմավորված, իսկ կովկասյան թաթարների հետքն անգամ չկար]:

------------

*688 կմ:

**480 կմ:

  *** «Բրոկհաուզը» առավել ճիշտ է տալիս Հայաստանի սահմանները:

  **** 960 կմ:

 

 

Ս.ՍԱՅԱՍ

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.