Категория: Հայերեն էջեր

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԸՍՏ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ (1)

 


        Մուտք

  Այս հրապարակումը պատրաստել եմ 22 տարի առաջ: Սակայն Հայաստանի Հանրապետության մամուլում այն ժամանակ այս գործը քաղաքական տարբեր պատճառաբանություններով չհրապարակվեց: Սփուռքի թերթերը նույնպես չհրապարակեցին՝ ծավալի պատճառով:  Հիմա ես հնարավորություն ունեմ այն ներկայացնելու  համացանցի ընթերցողներին: Նպատակս է՝ պատասխանել  հայ ժողովրդի թշնամիների գաղափարական հարձակմանը:  Նրանք,  չունենալով իրենց իրավացիության քաղաքական ու պատմական ծանրակշիռ փաստարկներ՝ հայհոյում են հայկական սրբությունները ու կեղծում պատմությունը:  Քսաներկու  տարի առաջ գրել էի նաև ընդարձակ ներածություն՝ բացատրելով այն դրդապատճառները, որոնք ինձ մղել էին կազմելու այս գործը: Երբեմնի ներածությունը հիմա ժամանակավրեպ է, ուստի բավարարվեմ հետևյալով: Ռուսական կայսրությունում հեղափոխությունների ժամանակ, հետհեղափոխական և, առավել ևս, խորհրդային ժամանակաշրջանում, քաղաքական նատակներով հայերի, վրացիների և  «ադրբեջանցիների» պատմությունն աղավաղվել է: Այդ ժողովուրդների ճշմարիտ պատկերը ներկայացնելու համար դիմել եմ նախահեղափոխական ռուսական հանրագիտական գրականությանը, համենայն դեպս՝ դրա մի կարևոր մասին, որովհետև, լույս տեսնելով մինչև ռուսական հեղափոխությունները, այդ նյութերը համեմատաբար անաչառ են, ճիշտ են արտացոլում հայերի, վրացիների և «ադրբեջանցիների» կենցաղը, սովորությունները և տալիս նրանց իրական բնութագիրը: Այդ նյութերի ամենակարևոր հատկանիշն այն է, որ դրանք չեն տառապում մարքս-լենինյան մեթոդոլոգիայով՝ ինչպես խորհրդային հանրագիտարանները:

  Ժամանակին, ներածությունից զատ, գրել էի նաև վերջաբան-ամփոփում, ուր ի մի էի բերել շարադրված նյութը և արել եզրակացություններ: Սակայն նյութի ուշադիր ընթերցումն ավելորդ է դարձնում նմանօրինակ վերջաբանը, և ուշիմ ընթերցողն ինքը կանի անհրաժեշտ եզրակացությունները, որոնք, հնարավոր է, կլինեն ավելի իմաստալից, քան կարող էի անել ես:

  Իմ առջև դրված խնդիրը լուծելու համար օգտագործել եմ հետևյալ հրատարակությունները. «Энциклопедический словарь товарищества  Гранат и компания», т. 3,изд. 7-ое, т. 17, т. 23(այսուհետև՝ «Գրանատ»),   Большая энциклопедия, т. 1, изд. 3-е,СПБ,1903; т. 2, изд. 3-е, СПБ,1903; т. 7, изд. 2-ое, СПБ,1903; т. 10, изд.3-е, СПБ,1903; т. 18, СПБ, 1904  (այ- սուհետև՝ ՄՀ),  Энциклопедический словарь,изд. Ф.А.Брокгауз, И.А.Ефрон, т. 1, СПБ, 1890; т. 3, СПБ, 1890; т. 18,СПБ, 1893; т. 26, СПБ, 1894; т. 64, СПБ, 1901; т. 67, СПБ, 1902 (այսուհետև՝ «Բրոկհաուզ»),Библейская энциклопедия, М., 1891(այսուհետև՝ ԱՀ):

  Մինչև բուն նյութին անցնելը նշեմ, որ Արևելյան Կովկասում հաստատված ժողովրդի անվանումը չակերտների մեջ եմ առել,  որովհետև այդ ժողովրդի իրական անվանումը «թուրքմանք» է կամ՝ կովկասյան թաթարներ. նրանք բնիկ երևալու համար իրենց անվանում են «ադրբեջանցիներ» կամ, առավել անհեթեթ՝ «ազերիներ»:

  Ուզում եմ հիշեցնել նաև, որ հայերի և վրացիների, Հայաստանի և Վրաստանի պատմության որոշ նյութեր հանրագիտարաններում ներկայացված են XIX դարի վերջի և  XX դարի սկզբի պատմագիտության մակարդակով և հնացել են: Հանրագիտարաններից քաղված նյութերը թեև չակերտների մեջ չեն, այնուամենայնիվ ներկայացվում են համարյա բառացիորեն, իսկ իմ անհրաժեշտ դիտողություններն առնված են անկյունավոր փակագծերի մեջ և շեղատառ են:

                     

                         Հայաստանը և հայերը ըստ «Գրանատ»-ի

 

Գրանատ»-ի 3-րդ հատորում զետեղված են Հայ գրականություն (սյունակներ  533-542), Հայ եկեղեցի (սյունակներ 542-543), Հայաստան(սյունակներ 477-480), Հայեր (սյունակներ 521-533), Հայոց լեզու (սյունակներ 543-544) հոդվածները]:

  Հայաստանը երկիր է Առաջավոր Ասիայում, մի ժամանակ իքնուրույն պետություն, այժմ բաժանված է Թուրքիայի, Ռուսաստանի ևՊարսկաստանի միջև [այնուհետև տրված են Հայաստանի սահմանները, որոնք համընկնում են Հայկական լեռնաշխարհի սահմաններին, ռելիեֆը, բնաաշխարհագրական բնութագիրը, կլիման, տնտեսությունը, բուսական և կենդանական աշխարհը, սյունակներ 477-480]:  Քաղաքական առումով նախկին Փոքր Հայքը և Մեծ Հայքի արևմտյան մասը պատկանում են Թուրքիային (Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Մամուրեթ ուլ Ազիզի, Դիարբեքիրի վիլայեթները՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Մուշ և այլ քաղաքներով), Մեծ Հայքի հարավ-արևելյան մասը պատկանում է Պարսկաստանին, Մեծ Հայքի հյուսիս-արևելյան մասը պատկանում է Ռուսաստանին [սյունակ 480]:

  Հայերը պատկանում են կարճագանգ մարդաբանական տիպին, նրանք աշխատասեր են, հակված են ուսման, ընկալող են և գործունյա, տարբեր երկրներում նրանք հիմնականում առևտրականներ և արհեստավորներ են [սյունակ 521]: Կենցաղում սա խաղաղ ժողովուրդ է, բայց դառնում է հանդուգն խիզախության հասնող քաջ, երբ գործը վերաբերում է իրեն մոտ ինչ-որ բանի, հայերը ամուր կապված են ընտանիքին և տանը, ընտանեկան սովորությունները ամուր են, բարոյականության դեմ զանցանքները պատժվում են հասարակական կարծիքով [սյունակ 522]:

  Հայերը միշտ և ամենուր մեծամասամբ հողագործներ են եղել. Կովկասում ապրող հայերի 97,3 %-ը գյուղացի է [էջ 522]:

  Մինչև 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը հայերը վայելել են [ռուսական]  իշխանությունների բարեհաճությունը, քանի-որ ռուսական վարչությունը և զինվորական ղեկավարությունը կարիք ունեին հայերի չեզոքությանը, այնուհետև ռուսական կառավարությունը սկսեց ռուսացման քաղաքականությունը [սյունակ 532]:  Հայերը դժգոհությամբ ընդունեցին այդ քաղաքականությունը, ինչպես նաև հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքը, և իշխանությունները, սովորական վարչական միջոցներով չկարողանալով ազդել հայերի վրա, որոշեցին հայերի դեմ հանել տգետ և անկիրթ թաթարական

զանգվածներին. այդպես են ծագել հայկական կոտորածները Ռուսաստանում [սյունակ 533]:

  [Հայ գրականություն, Հայ եկեղեցի, Հայոց լեզու  հոդվածները ցույց են տալիս, որ դրանք բավական հայտնի էին Ռուսաստանում և այդ հանրագիտարանում իրենց արժանի տեղն են գրավել այլ կրոնների և զարգացած մյուս ժողովուրդների  լեզուների և գրականության կողքին]:

Հայերն ունեն մուգ մազեր, մուգ աչքեր, սովորաբար միջին հասակի են, ճակատը ուղիղ, լայն, միջին բարձրության, աչքերի միջև եղած հեռավորությունը ոչ հեռու, այտոսկրերը ցցված չեն, դեմքը միջին լայնության և երկարության, քիթը սովորաբար երկար, նեղ, կեռ կամ արծվանման, բերանը՝ ոչ մեծ, աչքերը՝ խոշոր, խիտ հոնքերով և երկար արտևանունքներով, նրանց թիվը շուրջ 3 մլն  է, Ռուսաստանում՝ 1,2 մլն [ սյունակ 521: Ըստ Մ. Նեյմանի, հայերի ընդհանուր թիվն այդ ժամանակ մոտ 5 մլն էր, տե՛ս նրա «Армяне»  գիրքը, Եր., 1990, էջ 26]:

                                            

Վրաստանը և վրացիները ըստ «Գրանատ»-ի

  [ «Գրանատ»-ի 17-րդ հատորում զետեղված են Վրացիներ (սյունակներ 190-192), Վրաստան(սյունակներ 192-259) հոդվածները, ըստ որում՝ Վրաստան  հոդվածում խոսվում է Վրաստանի պատմության (սյունակներ 192-231), վրաց իրավունքի (սյունակներ 231-234), վրացերեն լեզվի (սյունակներ 234-237), վրաց գրականության (սյունակներ 237-259) մասին այնքան մանրամասն, որ հարկ չի զգացվել զետեղելու առանձին հոդվածներ վրացերենի և վրաց բազմադարյան գրականության մասին: «Գրանատ»-ում  Վրաստան  ծավալուն հոդվածի մեծ մասը գրել է Ի. Ջավախովը (Ջավախիշվիլի)]:  Վրացիների նախահայրենիքը գտնվել է ավելի հարավ, քան այն տարածքը, ուր հիմա ապրում են նրանք, այն է՝ Քաղդեան, Միջագետքը, Փոքր Ասիան, Սև ծովի հարավային և հարավ-արևելյան ափերը և Հայաստանը, միայն հետագայում հնդեվրոպական տարբեր ցեղերի ճնշման տակ նրանք շարժվել են հյուսիս և զբաղեցրել իրենզ այժմյան տեղը [սյունակ 192: Պետք է նշեմ, որ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքի մասին նորագույն ուսումնասիրությունները, փաստորեն, ուղղում են մտցնում Ջավախովի այդ տեսակետի մեջ]:  Վրացիները հնում հայտնի էին տուբալներ (իբերներ) և մոսխեր (մեսխեր) անուններով [սյունակներ 192-193]: Տուբալների երկաթամշակությունը այնքան զարգացած էր, որ Մովսեսի 1-ին գրքում նրանք համարվում են կռելու արվեստի հայտնագործողները [սյունակ 193: Պետք է ասել, որ Ի. Ջավախովի այդ անհիմն ու անհեթեթ մտքերը նրա վառ երևակայության արդյունքն են: Նա պղնձե և երկաթե գործիքներ պատրաստող Թոբելկայենին  (Գիրք ծննդոց, Դ, 22),  շփոթել է պղնձե ամաններով  ու մարդկային հոգիներով առևտուր անող Թոբելի և Մոսոքի հետ (Մարգարեություն Եզեկիելի, ԻԷ, 13), որոնք Հաբեթի որդիներն էին (Գիրք ծննդոց, Ժ, 2) և, ըստ երևույթին իրենց անունն էին տվել Պաղեստինից հյուսիս գտնվող ինչ-որ երկրների (Մարգարեություն Եզեկիելի, ԼԸ, 2-3, ԼԹ, 1)]:  Լայն առումով վրացիների  տակ հասկացվում է ազգակից ժողովուրդների այն խումբը, որն զբաղեցնում է Անդրկովկասի ամբողջ արևմտյան մասը. դրանք են՝ բուն վրացիները, խևսուրները, փշավները, իմերեթցիները, գուրիացիները, աջարները, մեգրելները, լազերը, սվանները ևն, առավել նեղ իմաստով՝ այն ազգությունը, որը բնակվում է Թիֆլիսի նահանգում, հիմնականում՝ Քարթլիում և Կախեթում: 1897 թվականի մարդահամարի տվյալներով, լայն առումով, վրացիների թիվը 1,5 մլն է, բուն վրացիներինը՝ ավելի քան 800 հզ. [սյունակներ 190-191]:  Վրացիների մազերը և աչքերը մուգ են, հասակը միջինից մի փոքր ցածր (Քարթլիում՝ 1649 մմ, Կախեթում՝ 1646 մմ, Գուրիայում՝ 1666 մմ )[սյունակ 191]:  Վրացիների մշակույթի մեջ շատ բան փոխառված է իրանականից, բյուզանդականից, սեմականից, մահմեդականից [սյունակ 191]:

 

  [Այստեղ տրամաբանորեն պետք է հետևեր՝ Ադրբեջանը և ադրբեջանցիները ըստ «Գրանատ»-ի, սակայն այս դեպքում  տրամաբանությունը չի գործում, որովհետև Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար Հարավային Կովկասում այդպիսի ժողովուրդ և պետություն գոյություն չի ունեցել: Նրանց մասին նյութերը պետք է փնտրել նրանց իրական անվան տակ, այսինքն՝ կովկասյան թաթարներ կամ Ատրպատականի թաթարներ եզրերի տակ: Ցավոք «Գրանատ»-ի համապատասխան հատորները չհաջողվեց ձեռք բերել, սակայն նրանց մասին հոդվածների բովանդակությունը պետք է նույնը լինի, ինչպես մյուս հանրագիտարաններում: Սակայն այդ բացը կարելի է լրացնել «Գրանատ»-ի Կովկաս հոդվածով (հ. 23, սյունակներ 48-80]:

  Անդրկովկասի բնակչությունը շատ վաղ է հասել զգալի մշակութային զարգացման ի դեմս վրացիների և հայերի, որոնք ունեցել են ինքնուրույն թագավորություներ [նույն տեղում, սյունակ 68-69]:  Կովկասում, ի թիվս այլ ժողովուրդների, ապրում են վրացիներ[սյունակներ 69-70], հայեր (1,2 մլն). սրանք Անդրկովկասի ամենահին և մշակութապես ամենազարգացած ժողովուրդներից են [սյունակ 71], ատրպատականի թաթարներ (շուրջ 1,5 մլն), որոնք սելջուկյան թուրքերի և ΧΙΙΙդ. թյուրք-մոնղոլների հետնորդներն են՝ զգալիորեն պարսկական խառնուրդով, իրենց մշակութային զարգացմամբ զիջում են Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդներին [սյունակ 73]:

 

       Հայաստանը և հայերը ըստ ՄՀ-ի

 

  [ՄՀ-ում զետեղված են Հայ գրականություն (հ.2, էջ 79-81). Հայ եկեղեցի (էջ 81-82), Հայաստան (էջ 71-75), Հայոց լեզու (էջ 82) հոդվածները]:

  Հայաստանը արևմտաասիական պետություն է, որը միայն հնում ժամանակավորապես գտնվել է տեղական թագավորների իշխանության ներքո, այնուհետև կորցրել է քաղաքական ինքնուրույնությունը և այժմ բաժանված է Ռուսաստանի (1/3), Թուրքիայի (1/2) և Պարսկաստանի (1/6) միջև [Այնուհետև տրվում են Հայաստանի սահմանները,  որոնք համապատասխանում են, հիմնականում, Հայկական լեռնաշխարհի սահմաններին, միայն արևելյան սահմանը Երասխի և Կուրի ցածրավայրն է, էջ 71]:

  Այժմ թուրքական Հայաստանը զբաղեցնում է, հին Փոքր Հայքի հետ, Մեծ Հայքի գխավոր մասի արևմուտքը, այն է՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի վիլայեթները, իսկ 1891-ից հետո նաև Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթների մասը, գլխավոր քաղաքներն են Էրզրումը, Վանը, Բիթլիսը, Մուշը և այլն [էջ 73]:

  Ռուսական Հայաստանն զբաղեցնում է Հին Հայաստանի հյուսիս-արևելյան մասը և ողողվում է Կուրով ու Երասխով, իր մեջ ընդգրկում է Երևանի և Ելիզավետպոլի նահանգները, Կարսի մարզը, Թիֆլիսի նահանգի մի մասը, նշանակալից քաղաքներն են Թիֆլիսը, Երևանը, Ալեքսանդրապոլը, Ելիզավետպոլը,

Նախիջևանը, Շուշին և ուրիշները [էջ 73]:

  Հայերը բարձրահասակ են, թխահեր, բանիմաց, IV-XII դարից ունեն հարուստ գրականություն, առանձնապես՝ պատմության և աստվածաբանության բնագավառում, խելամիտ են, խաղաղասեր, գթասիրտ և զուսպ [էջ 72-73]:

  Հայերի սիրած զբաղմունքը առևտուրն է, ինչը պայմանավորված է, ի դեպ, նրանց երկրի քաղաքական պատմությամբ և տարբեր երկրներում նրանց ցրվածությամբ: Հայերի ընդհանուր թիվը 2 մլն-ից մի փոքր ավելի է [էջ 73]:

  Հայ կնոջ վիճակն այստեղ ավելի լավ է, քան Արևելքի շատ երկրներում, նրանք զբաղվում են միայն տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ [էջ 73]:

  Հայաստանում ապրում են նաև եկվոր ժողովուրդներ՝ թուրքեր, որոնք տիրում են հայերին, քրդեր, հարավ-արևելքում՝ թաթարական ցեղեր, հյուսիսում՝ վրացիներ և ուր.[էջ 73]:

  [Հայաստանի և հայերի մասին ՄՀ-ի մյուս հոդվածները ցույց են տալիս հայ մշակույթի և եկեղեցու հնությունն ու կարևոր նշանակությունը]:

 

                 Վրաստանը և վրացիները ըստՄՀ-ի

  [ՄՀ-ում կան Վրաստան (հ. 7, էջ 651-656), Վրաց գրականություն (էջ 647), Վրացիներ (էջ 549-651) հոդվածները]:

  Իբրև Վրաստան (Իբերիա) հին ժամանակներից հայտնի է Անդրկովկասի այն տարածքը, որի կազմի մեջ մտնում էին Աղվանքի մի մասը, Իբերիան, Կողքիսը, Մեսխիան և Տաոս-կարին [էջ 652]: Այժմ հաճախ Վրաստան անվանում են նեղ իմաստով՝ Թիֆլիսի նահանգը, լայն իմաստով՝ նաև Քութայիսի նահանգը [էջ 651-652]:

  Բնակչության մեծ մասը կազմում են վրացական տարբեր ցեղեր, այնուհետև մեծ թիվ են կազմում հայերը, մասամբ՝ թուրքմեն-թաթարները, հրեաները և ռուսները [էջ 652]:

  Վրացիների բնական տիպը մաքուր չի ներկայացված, այլ զգալիորեն խառն է, ընդհանրապես Կովկասի ամենագեղեցիկ ցեղերից մեկն է. նրանք բարեկազմ են, ամրակազմ, մեծամասամբ ճիշտ դիմագծերով, որի մեջ ոչ հազվադեպ զգացվում է սեմական նրբերանգ, հիմնականում միջահասակ են, մազերը՝ մուգ կամ սև, աչքերը՝մուգ շագանակագույն, աչքի են ընկնում ծայրահեղ զսպվածությամբ սնունդի մեջ, առատաձեռն են, օգտագործում են մեծ քանակությամբ գինի, հիմնական զբաղմունքը երկրագործությունն է, անասնապահությունը, այգեգործությունը և խաղողագործությունը [էջ 650-651]:

Կաթոլիկ վրացիները կենցաղային շատ առանձնահատկություններով հիշեցնում են ավելի շուտ հայերին [էջ 650]:

  Բոլոր վրացական ցեղերը միասին կազմում են 2,5 մլն շունչ, բուն վրացիները՝ 500 հզ. են [էջ 649]: Վրացերենը ամենահին մշակութային լեզուներից մեկն [էջ 650]:

 

                       Կովկասյան թաթարները ըստ ՄՀ-ի

  [ՄՀ-ի 18-րդ հատորում զետեղված է Թաթարներ հոդվածը (էջ 304-306), իսկ 10-րդ հատորում՝ Կովկասյան երկրամաս, Կովկաս հոդվածը (էջ 332-334), ուր տվյալներ կան կովկասյան թաթարների մասին]:

  Լայն առումով թաթարներ անվանումը բոլոր մոնղոլական, թյուրքական և այլ ցեղերի հավաքական անունն է: Հետագայում այդ անունը պահպանվեց միայն թյուրքական ծագում ունեցող մանր ժողովուրդների համար. կան Եվրոպայի, Սիբիրի, Ալթայի,Ղրիմի, Կովկասի թաթարներ [էջ 305]:

  Կովկասյան թաթարները կազմվել են հիմնականում կորած պեչենեգների, ավարների, ալանների,խազարների մնացորդներից՝ խառնված նողայների, ղփչաղների և իրանական տարբեր ժողովուրդների հետ. այս թաթարներն են իրանական (պարսկական) տիպի ադրբեջանցիները, որոնք բնակեցնում են Անդրկովկասի և Պարսկաստանի ու Թուրքական Հայաստանի հարակից շրջանների զգալի մասը, ընդհանուր թիվը 1,2 մլն է [էջ 305]:

  1897թ. տվյալներով Կովկասում ապրում էր 9 248 695 մարդ, այդ թվում՝ ռուսներ՝ շուրջ 3 մլն, հայեր՝ շուրջ 1,25 մլն, քարթվելներ (վրացիներ՝ 450 հզ., իմերեթցիներ՝ 475 հզ., մեգրելներ և լազեր՝ 225 հզ. ևն), թաթարներ՝ 1,5 մլն [10-րդ հատոր, էջ 334]:

 

Ս.ՍԱՅԱՍ

                                             Շարունակելի

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.