Категория: Հայերեն էջեր

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՄԱՆ ԴԵՄ ՆՐԱ ՊԱՅՔԱՐԸ


Ընդհանրապես յուրաքանչյուր հանրագիտարան պետք է լինի չեզոք, զերծ ամեն տեսակի գաղափարախոսությունից, այն պետք է ընթերցողին տա ներկայացվող նյութի համառոտ, սեղմ, սակայն ամբողջական պատկերը՝ առանց զգացմունքների, առանց գեղեցիկ նկարագրությունների և առանց զգայացունց մտքերի:  Երբ հանրագիտարանը, այսպես ասած, գաղափարայնացված է, ապա այն ոչ ճիշտ է արտացոլում մատուցվող նյութը:

Հայերեն լեզվով առաջին համընդհանուր, համապարփակ հանրագիտարանը Հայկական սովետական հանրագիտարանն է (այսուհետև՝ ՀՍՀ), որը լույս է տեսել 1974-1987 թթ. ընթացքում: 

  Հրատարակվելով կոմունիստական վարչակարգի լիատիրության տարիներին, ՀՍՀ,  ինչպես ընդունված էր Խորհրդային Միությունում, առաջնորդվում էր մարքս-լենինյան գաղափարախոսության սկզբունքներով: Դա իրենից ենթադրում էր հասարակական-քաղաքական, մշակութային, տնտեսական, գիտական կյանքի բոլոր հարցերի միակողմանի, կոմունիստական  մեկնաբանում և ներկայացում: Այդ պատճառով հայ և օտար հասարակական-քաղաքական, ռազմական գործիչները ներկայացված են աչառու բնութագրումներով,  Հայոց և այլոց պատմության շատ դրվագներ ներկայացված են  կեղծված և հարմարեցված են Խորհրդային Միության  ժողովուրդների «անխախտ բարեկամության» կարգախոսին:

Այդպիսով, խորհրդային բոլոր հանրագիտարանները չեն համապատասխանում վերը նշված այն մտքին, թե հանրագիտարանը պետք է լինի չեզոք, զերծ ամեն տեսակի գաղափարախոսությունից:

  Հասկանալի է՝ ՀՍՀ դրանում մեղավոր չէր. այդպիսին էր ժամանակաշրջանը, միայն այդպես պիտի շարադրվեին մարդկանց կենսագրությունները, իրադարձությունները, այս կամ այն ժողովրդի պատմությունը ևն:

Ուզում եմ ներկայացնել մի օրինակ այն բանի, որ չնայած այդ մթնոլորտին, հայ հանրագիտակները, հայ գիտնականները, այնուամենայնիվ փորձում էին մատուցել իրական պատմությունը և որոշ դեպքերում դա անում էին հաջողությամբ:

Իբրև օրինակ բերեմ IX դ. տեղի ունեցած Բաբեկի ապստամբության և Բաբեկի  մասին հոդվածները: Նախ, տեսնենք, թե ինչպես են դրանք ներկայացված Խորհրդային մեծ հանրագիտարանում (Большая советская энциклопедия): Բաբեկ  և Բաբեկի ապստամբություն հոդվածներում նշվում է (ես մեջբերում եմ համառոտ –Ս.Ս.) որ Բաբեկը Ադրբեջանում և Արևմտյան Իրանում բռնկած ժողովրդական   հզոր ապստամբության (816-837 թթ.) ղեկավարն էր: Ապստամբությունը տարածվել է նաև Արևելյան Հայաստանում: Ապստամբները պայքարում էին Արաբական խալիֆայության և ավատատիրական (ֆեոդալական) շահագործման դեմ: Ի վերջո ապստամբները պարտվել են ավատատերերի դավաճանության պատճառով:

 Այսպես կոչված «Ադրբեջանի» հիշատակությունը Արևմտյան Իրանի և Արևելյան Հայաստանի հետ՝ կոմունիստների և կովթաթարների (կովկասյան թաթարների, որոնք իրենց անվանում են մե՛րթ «ադրբեջանցիներ», մե՛րթ «ազերիներ») հորինածն է: Դա Երասխից (Արաքսից) հարավ գտնվող իրանական Ադրբեջանը, և Երասխից հյուսիս գտնվող Հայաստանի արևելյան նահանգները IX  դարի համար  մեկ երկիր՝ «Ադրբեջան»  ներկայացնելու  մի անհաջող փորձ է: Ի դեպ, կոմունիստական վարչակարգի տարիներին այդ տարածաշրջանին վերաբերվող բոլոր քարտեզներում «Ադրբեջան» անվանումը գրվում էր Երասխի երկու ափերին գտնվող տարածքի վրա:

  Սակայն բոլոր ժամանակներում եղել է ու կա մեկ Ադրբեջան. դա Երասխից հարավ գտնվող իրանական Արևելյան Ադրբեջան ոստանն է:  Վերջացնելով այս հատվածը, նշեմ, նաև, որ կովթաթարները Բաբեկին համարում են «ադրբեջանցի», նկատի ունենալով՝  կովթաթար: Դա պատմության կովթաթարական խեղաթյուրման օրինակներից մեկն է: Բաբեկը չէր կարող լինել կովթաթար ոչ միայն այն պատճառով, որ նա պարսիկ էր,  թալիշ կամ քուրդ, այլ այն պարզ պատճառով, որ թյուրքական ծագում ունեցող ոչ մի քոչվոր մինչև IXդ. վերջը այդ տարածաշրջանում չի եղել ընդհանրապես:

Բաբեկի և նրա ապստամբության մասին հոդվածները ՀՍՀ-ում տեղադրված են 2-րդ հատորում  (Երևան, 1976, էջ 192-193): Համառոտ ներկայացնեմ այդ հոդվածների, այսպես ասած, հայերեն տարբերակը:

 Բաբեկը (ծն. 798/800-մահ. 838) 816-ից գլխավորել է հակաֆեոդալական ժողովրդական խոշոր ապստամբությունը Ատրպատականում և Արևմտյան Իրանում: Ապստամբության հիմնական ուժը խուրամյան շարժման հետևորդներն էին: Ապստամբությունը տարածվել է նաև Հայաստանի արևելյան գավառներում (Սյունիք): Ապստամբների թիվը հասել է 300 հազարի: Այդ շարժման վերելքի ժամանակ ֆեոդալները երբեմն վախից կամ իրենց իրավունքները պահպանելու մտահոգությամբ աջակցել են ապստամբներին: Սակայն, երբ նրանց համար պարզ է դարձել ապստամբության դասակարգային բնույթը, լքել են և թշնամական դիրք բռնել նրա հանդեպ: Ապստամբությունն անհաջողության է մատնվել: 837-ին Բաբեկը փորձել է անցնել Բյուզանդիա, սակայն ֆեոդալները բռնել են նրան և հանձնել արաբ. իշխանություններին:

 Այսպիսով, Բաբեկը խորհրդային հանրագիտարաններում ներկայացված է իբրև ժողովրդական հերոս, արդարության մարտիկ,  իսկ ֆեոդալները՝ դավաճան և նենգ:

Սակայն, Բաբեկի ոչ բոլոր գործողություններն են ներկայացվում հանրագիտարաններում: Իրականում, արաբների և ֆեոդալների դեմ պայքարելու ընթացքում, Բաբեկը բաց չէր թողնում ավերելու, կոտորելու, թալանելու առիթը::

  ՀՍՀ-ի 2-րդ հատորի համար այդ հոդվածները խմբագրելու ընթացքում, խմբագիրը և հեղինակը փորձեցին  Բաբեկին վերաբերող նյութերում տալ նաև այդ փաստերը, սակայն դա արգելեցին, որովհետև  «կփչացներ»  ֆեոդալների և արաբների դեմ պայքարող «հերոսի» նկարագիրը, իսկ դա չէր համապատասխանում մարքս-լենինյան գաղափարախոսությանը:

  3 տարի հետո, 1979 թ լույս տեսած ՀՍՀ 5-րդ հատորում տրվելու էր Խուրամյան շարժում հոդվածը: Քանի-որ Բաբեկի ապստամբությունը խուրամյան շարժման արտահայտություններից մեկն էր, հոդվածի խմբագիրը, հեղինակի համաձայնությամբ, Խուրամյան շարժում հոդվածում այնուամենայնիվ ավելացրեց հետևյալը.

«Վերջինս (Բաբեկի ապստամբությունը-Ս.Ս.) ուներ երկակի բնույթ: Ապստամբները, արաբ. զորքերի դեմ պայքարելուն զուգընթաց, ասպատակել են Հայաստանի Սյունիք և Արցախ նահանգները (միայն Գեղարքունի գավառում Բաբեկը կոտորել է 15 հզ. մարդ, ավերել Մաքենոց նշանավոր վանքը): Արցախի իշխան Սմբատի որդի Սահլը, այդ չարագործություններից վրդովված, 837-ին Հայաստան ապաստանած Բաբեկին հանձնել է արաբ Աֆշին զորավարին»(ՀՍՀ, հ, 5, էջ 102):

Այդպիսով, այն, ինչ չհաջողվեց անել ՀՍՀ 2-րդ հատորում, արվեց 5-րդում և տրվեց իրադարձությունների իրական պատկերը:

Այդպիսով պարզվում է. որ Բաբեկը այն չէր միայն, ինչ փորձում են ներկայացնել կոմունիստները և կովթաթարները կամ ուրիշներ, այլ նաև դաժան մարդասպան ու թալանչի էր, իսկ  «ֆեոդալը» ոչ թե դավաճանել է Բաբեկին, այլ իր երկիրը ասպատակությունից և իր ժողովրդին կոտորածից փրկելու համար է նրան հանձնել արաբներին:

Ահա այդ է իրականությունը:

Այնուամենայնիվ Բաբեկի հետ կապված պատմությունը դրանով չավարտվեց:

ՀՍՀ 5-րդ հատորի լույս տեսնելուց որոշ ժամանակ անց Հայկական հանրագիտարանի հատուկ գիտական խմբագրությունը Մոսկվայից, Խորհրդային մեծ հանրագիտարանի խմբագրությունից ստացավ այդ հատորի, այսպես ասած, «սև» գրախոսությունը: Պարզվում է, որ Մոսկվայում գրախոսվում էին ազգային բոլոր հանրագիտարանները:

  ՀՍՀ  5-րդ հատորի, Մոսկվայում կատարված, գրախոսությունում նշվում էին այս կամ այն հոդվածի «թերությունները»,  հիմնականում՝ գաղափարական  և «ժողովուրդների անխախտ բարեկամությանը» հակասող մասերը: Խուրամյան շարժում  հոդվածի համար մասնավորապես նշված էր հետևյալը. սակայն ՀՍՀ 5-րդ հատորում ազգայնական-շովինիստական միտումները առավել ցայտուն արտահայտված են Խուրամյան շարժում հոդվածում, որով սեպ էր խրվում հայ-ադրբեջանական դարավոր բարեկամության մեջ:

  Հոդվածի խմբագիրը և հեղինակը պատասխան նամակ ուղարկեցին Մոսկվա, որում բացատրեցին այն հանրահայտ ճշմարտությունները, որը Բաբեկը իսկապես Հայաստանի արևելքում արել է այդ չարագործությունները և նա ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» հորջորջվող կովթաթարների հետ:

 

 Գրեց՝ Ս. ՍԱՅԱՍ

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.