Категория: Հայերեն էջեր

Հակահայկական քաղաքականությունը և հակահայկական գաղափարական պայքարը Խորհրդային Միությունում

Այս հոդվածը գրել եմ 2004 թ. և հիմա հնարավորություն ունեմ այն ներկայացնելու հայ ընթերցողին:  


Խորհրդային Միությունը (այսուհետև ԽՄ) ստեղծվեց բռնի ուժով: Ցարական Ռուսաստանի ծայրամասերում խորհրդային իշխանություն հաստատելով՝ Խորհրդային Ռուսաստանը, փաստորեն, վերագրավեց այն տարածքները, որոնք անջատվել էին 1917 թ. հեղափոխությունից հետո (բացի Լեհաստանից, Ֆինլանդիայից և Մերձբալթիկայից): Ստեղծվեց մի պետություն՝ հասարակական և մշակութային տարբեր մակարդակներ ունեցող ժողովուրդներից: Հին և հարուստ մշակույթ, գիր, գրականություն ունեցող ժողովուրդների՝ հայերի, ռուսների, վրացիների, տաջիկների հետ միևնույն միության մեջ ներգրավվեցին մշակութային և հասարակական զարգացման առավել ցածր, երբեմն նախնական մակարդակ ունեցող ժողովուրդներ և ցեղեր՝ ղազախներ, կիրգիզներ, ուզբեկներ, թուրքմեններ, կովկասյան թաթարներ (այսուհետև՝ կովթաթարներ), որոնք չունեին գիր կամ հարուստ գրականություն  և մշակույթ: Իսկ կովթաթարները մինչև հիմա անունի փնտռտուքի մեջ են և դեռ չեն որոշել իրենք «ազերի»՞ են, թե՝ «ադրբեջանցի», բայց այդ մասին հետո:

Հասարակական և մշակութային տարբերություններին միացավ անարդարացի ազգային-տարածքային բաժանման քաղաքականությունը, որը վարում էր փոքրոգի մեծ բռնակալ Ստալինը՝ խորհրդային հանրապետությունների միջև սահմանազատումներ կատարելիս: Եթե Միջին Ասիայում սահմանազատումները տևեցին բավական երկար ժամանակ (1924-1936  թթ., քանի-որ այնտեղ պետք է պարզեին, թե ո՛րն է ղազախը, կիրգիզը, թուրքմենը, ուզբեկը), ապա Կովկասում և Անդրկովկասում հարցը լուծվեց արագ. օսերին կիսեցին Ռուսաստանի և Վրաստանի մեջ, 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Խորհրդային Հայաստանի կազմից դուրս մնացին Կարսի մարզը, որը նվիրաբերվեց Թուրքիային, Նախիջևանը, որը դրվեց  կովթաթարների հովանավորության կամ խնամակալության տակ, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ստալինի ճնշման տակ Ռուսաստանի կոմկուսի կովկասյան բյուրոն որոշեց Ղարաբաղը նույնպես տալ  կովթաթարներին: Դեռևս ռուսական կայսրությունում Երասխից (Արաքսից) հյուսիս ընկած հայկական շատ տարածքներ մտցվել էին Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Բաքվի նահանգների մեջ (Ջավախք, Ուտիք, Փայտակարան ևն): Երբ կազմվեցին Անդրկովկասի խորհրդային հանրապետությունները՝ այդ տարածքները ինքնաբերաբար մնացին վրացիների և  կովթաթարների տիրապետության տակ: Այդպիսով ԽՄ-ում պետություն և որոշակի տարածք չունեցող որոշ ժողովուրդներ միանգամից ձեռք բերեցին և՛ պետականություն, և՛ օտարապատկան տարածքներ, իսկ Խորհրդային Հայաստանին բաժին ընկավ Մեծ Հայքի տարածքի միայն 1/12 մասը:

Անդրկովկասից բացի անարդարացի սահմանազատումներ եղան և՛ Միջին Ասիայում, և՛ այլուր: Ու այդ ամենը կատարվում էր «ժողովուրդների անխախտ բարեկամության» կարգախոսի տակ:

  Որքանո՞վ օրինական էին Ղարաբաղի և Նախիջևանի անջատումը Հայկական ԽՍՀ-ից: Նշեցի, որ Նախիջևանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով կովթաթարներին տրվեց իբրև հովանավորյալ կամ խնամակալության տակ գտնվող տարածք: Ժամանակակից միջազգային օրենքներով հովանավորությունը կամ խնամակալությունը համարվում են գաղութային տիրապետության ձևեր: Նշանակում է Նախիջևանը գտնվում է գաղութային տիրապետության տակ:

Ղարաբաղը կովթաթարներին տրվեց ոչ թե ինչ-որ պետական,  սահմանադրական, այլ երրորդ պետության՝ Ռուսաստանի  կուսակցական մարմնի որոշմամբ, այլ կերպ՝ անօրինական, ոչ մի տրամաբանության չենթարկվող միջոցով, առանց Ղարաբաղի բնակչության կարծիքը հարցնելու:

  Այսպիսով, ԽՄ-ում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ժողովուրդների միջև առաջացավ խուլ դժգոհություն: Արտաքնապես ամեն ինչ հանգիստ էր: ԽՄ-յան ժողովուրդները կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ կառուցում էին մարդկության պայծառ ապագան՝ սոցիալիզմ և կոմունիզմ. Ո՞վ ժամանակ ուներ մտածելու, թե ում հողերը ում տրվեցին: Բայց ժողովուրդների ինքնագիտակցության մեջ հնարավոր չէր մոռացնել նրանց պատմական ժառանգությունը:

 Միանգամայն հասկանալի է, որ հայերը, տաջիկները, օսերը, անգամ ռուսները և ուրիշներ չէին կարող մոռանալ հարևաններին նվիրաբերված տարածքները: Դե, իսկ նվիրատվություն ստացածները ամեն կերպ պետք է ձգտեին յուրացնել այդ տարածքները և ամրապնդվել այդտեղ: Դա կարելի էր անել երեք ձևով.

ա. տարբեր միջոցներով վերացնել շնորհված տարածքների բնիկներին,

բ. տեսականորեն «հիմնավորել» այդ  տարածքների՝ իրենցը լինելը,

գ. յուրացնել բնիկների մշակութային ժառանգությունը:

Խորհրդային Վրաստանում փորձեր արվեցին տարբեր միջոցներով արտամղել հայերին, յուրացնել հայ մշակութային արժեքները (մասնավորապես՝ հայկական եկեղեցիները), սակայն վրաց ղեկավարները մեծ հաջողությունների չհասան, որովհետև ընդհանուր թշնամիների դեմ հայ և վրացի ժողովուրդների համատեղ պայքարը, դարավոր բարեկամությունը (որին մեծ վնաս հասցրին Ստալինը և կոմունիստները), քրիստոնեական մշակույթը խոչընդոտում էին հակահայկական քաղաքականության ծավալմանը:

  Դրան հակառակ, կովթաթարների «Ադրբեջան» կոչվող հանրապետությունում հայերի գոյությունը կանխորոշվեց հենց այդ նվիրաբերումներով:

1923 թ. ստեղծվեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը կովթաթարների հանրապետության կազմում: Ըստ էության, դա ստեղծված էր   հայերի համար, հակառակ դեպքում չէր կոչվի «ինքնավար»: Հազարամյակներ շարունակ  հայկական այդ  տարածքում 1920 թ. հայերը կազմել են բնակչության  95%-ը, 1988 թ.՝ 1%-ը, իսկ 2003 թ. այնտեղ հայ չի մնացել: Մի՞թե դա ճակատագրի ծաղր չէ. հայերի համար ստեղծված ինքնավարությունում հայ չի մնացել:

 Հայերին՝ բնիկներին, ոչնչացնելու մի արտառոց դեպք է Ղարաբաղի օրինակը: 1941-45 թթ. պատերազմի ժամանակ Ղարաբաղի 150 000 բնակիչներից 45 000-ը՝ շուրջ 1/3-ը ուղարկվեց ռազմաճակատ: Հայերին Ղարաբաղից դուրս մղելու այդ և այլ միջոցների հետևանքով Դաշտային Ղարաբաղում հայ չի մնացել:  Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ ճակատագրին չարժանանալու համար 1988 թ. առավել գործուն պայքար ծավալեց կովթաթարների լուծը թոթափելու համար: Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժումը թևակոխեց նոր փուլ:

 Հալածելով իրեն շնորհած տարածքների բնիկներին՝ հայերին, կովթաթարները, զուգահեռաբար, անցան գաղափարական հարձակման՝ «հիմնավորելու»  իրենց ներկայությունը Անդրկովկասի արևելքում և Մեծ Հայքի արևելյան նահանգներում: Կոմունիստ ղեկավարների թողտվությամբ և հովանավորությամբ՝ կովթաթար «պատմաբանները» արշավանք սկսեցին Հայոց պատմության դեմ՝ աղավաղելով և կեղծելով  Հայաստանի, և դրանով իսկ՝ նաև իրենց պատմությունը՝ թքած ունենալով «ժողովուրդների անխախտ բարեկամության» վրա:

 Պատմահենները գործում էի անպատիժ. նրանց գործունեությանը նպաստում էր նաև ԽՄ-յան կոմկուսի և կառավարության (անվանենք՝ «կենտրոն») վարած մշակութային քաղաքականությունը: Դրոշ դարձնելով  ԽՄ-յան ժողովուրդների «անխախտ բարեկամության» կարգախոսը, նրանք վարում էին հավասարեցման քաղաքականություն: Նսեմացվում էր հին պատմություն և մշակույթ ունեցող ժողովուրդների պատմական ժառանգությունը, «հնացվում էր» նոր ձևավորվող ժողովուրդների պատմությունը: Այսպես, եթե հայերը, վրացիները, տաջիկներն ունեն հին պատմություն և մշակույթ, ապա նրանցից ետ չպետք է մնան նաև կովթաթարները, ղազախները. ուրիշներ: Եթե հայերն ունեն Գրիգոր Նարեկացի, վրացիները՝ Շոթա Ռուսթավելի, ապա կովթաթարները պետք է ունենան Նիզամի Գյանջևի՝ ոչինչ, որ նա ո՛չ ժամանակագրական, ո՛չ ազգային առումով կապ չունի կովթաթարների հետ, քանի-որ ապրել է մոտ. 1141- մոտ. 1209 թթ. և պարսիկ էր:

«Կենտրոնում» Հայաստանի պատմության աղավաղման մի արտառոց օրինակ է հռոմայեցի պատմագիր Կուրտիոս Ռուփոսի «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» երկի ռուսերեն հրատարակությունը, որը լույս է տեսել Մոսկվայում՝ 1963 թ.: Դրան ես մի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու «Փյունիկ» թերթի 1990 թ. № 7-ում (էջ 2-3): Որպեսզի ընթերցողը նեղություն չկրի գտնելու նշածս թերթը, համառոտ ներկայացնեմ այդ օրինակը: Ռուփոսի երկի 3-րդ գրքի, 2-րդ գլխի 4-9-րդ դրվագներում հիշատակվում են Աքեմենյան Պարսկաստանի բանակի կազմում ներկայացված ժողովուրդներն ու նրանց զորքի քանակը: Ռուսերեն հրատարակությունում չգիտես ինչու «մոռացել են» նշել հայերին և նրանց բերած զորքը, որն իր թվաքանակով այն ժամանակ երրորդն էր պարսիկներից ու մարերից հետո: Նպատակը պարզ էր. խորհրդային ընթերցողը չպետք է իմանար, որ Հայաստանը մ.թ.ա. IV դ. հզոր երկիր էր:

 Պատմության և մշակույթների «հավասարեցման» քաղաքականության մի վառ օրինակ է Բրեժնևի լիատիրության տարիներին, կոմկուսի գլխավոր՝ «Պրավդա» թերթի համարներից մեկում տպագրված բուլղարացի մի լրագրողի հոդվածը: Հոդվածագիրը նշում է, որ խորհրդային իշխանությունը հնարավորություն տվեց նախկին Ռուսաստանի կայսրության հետամնաց ժողովուրդներին՝ զարգացնելու իրենց մշակույթը (այսքանը ճիշտ է) և ղազախները, ուզբեկները հայերը և այլ ժողովուրդներ ունեցան իրենց այբուբենը: Պատկերացնո՞ւմ եք տգիտության ինչպիսի մակարդակ և կոմունիստական քարոզչության ինչպիսի նվաճում: IV-V դդ. իր, ոչ մեկին չնմանվող այբունենն ունեցող հայերին խորհրդային իշխանությունը տվել է այբուբեն: Այդ ամբողջ պատմության զավեշտը նրանումն է, որ սլավոններին (ասել է, թե՝ այդ բուլղարացի լրագրողի նախնիներին) լուսավորելու, նրանց մեջ քրիստոնեություն տարածելու, սլավոնական գիրը ստեղծելու նպատակով Կիրիլին և Մեֆոդիոսին նրանց մոտ է ուղարկել Բյուզանդիայի հայազգի Թեոդորա կայսրուհին:

  Կոմունիստ քարոզիչները մշակույթն աղավաղելու մի հնարք էլ գտան: Այդ հնարքը, մի զարմացեք, լուցկու տուփերն էին: Հայտնի է, որ լուցկու տուփի վրայի պիտակները, պատկերները տալիս են (համենայն դեպս՝ ԽՄ-ում) ամենաբազմազան տեղեկություններ: Եվ ահա, 1970-80-ական թթ. սկսեցին արտադրել լուցկիներ, որոնց տուփերի պիտակների վրա հայկական (հիմնականում՝ Արցախի, Ուտիքի, Առանի) և իրանական (պարսկական) նյութական մշակույթի առարկաները (կճուճներ,  կավամաններ, սափորներ, գորգեր ևն) ներկայացվում էին իբրև «ադրբեջանական», այսինքն՝ կովթաթարների մշակույթի առարկաներ, թեև դրանց պատկանելիության դարերը չէին համապատասխանում Անդրկովկասում ոչխարների գլխավորությամբ  կովթաթարների նախնիների հայտնվելու ամենավաղ ժամանակաշրջանին անգամ:

 Այդպիսով, խորհրդային կեղծարարության նման բարենպաստ պայմաններում կովթաթար պատմահենները ծաղկում ու փթթում էին՝ աջ ու ձախ, լայնքով և երկայնքով կեղծելով Հայաստանի պատմությունը: Նրանք, առաջին հերթին, պետք է ձգտեին «հիմնավորել» իրենց «հնությունը«: Բազմաթիվ գրքերում, հոդվածներում, մենագրություններում նրանք փորձում էին ցույց տալ, որ կովթաթարները իրենց զբաղեցրած տարածքի, այն է՝ ՄԵծ Հայքի արևելյան նահանգների և գավառների բնիկ տարրն են և այդ տարածքներում ստեղծված մշակութային արժեքներն իրենք են ստեղծել: Մասնավորապես նշում էին, որ Ղարաբաղում ապրող հայերը հայեր չեն, այլ՝ աղվաններ և մշակութային հուշարձանների զգալի մասը «աղվանական» են: Եվ, իհարկե, իրենք են աղվանների հետնորդներն ու մշակույթի կրողները: Այդպիսի «հանճարեղ» եզրահանգումներ անելուց հետո, չգիտես ինչու, կովթաթարները պետության հովանավորությամբ ոչնչացնում էին այդ նույն պատմական հուշարձանները: Մ՞իթե տրամաբանական է՝ ոչնչացնել սեփական մշակութային արժեքները: Հասկանալի է՝ նրանք վերացնում էին այն ամենը, ինչը հայակական է:

 Տառապելով իրենց «հնությունը» «ապացուցելու» մարմաջով՝ կովթաթարներն «ադրբեջանցի» անվանվելուց բացի, սկսեցին իրենց անվանել նաև՝ «ազերի» (իրանական «ազարի»-ի թուրքականացված ձևը):

«Ազերի» հասկացության և կովթաթարների հետ նրա կապ չունենալու մասին առավել մանրամասն տե՛ս Գառնիկ Ասատրյանի «Ադրբեջան տեղանվան, ազարի լեզվի և հարակից այլ հարցերի մասին« հոդվածը  («Գրական թերթ», 1989, սեպտեմբերի 29, № 40), ինչպես նաև՝ իմ հոդվածը Աթենքի «Նոր Աշխարհ» թերթում (1999, № 850, էջ 2):

 Նրանց այդ համառությունը տվեց իր արդյունքը: «Ազերի» եզրը (հասկացությունը) սկսել են կիրառել ոչ միայն  կովթաթարների ցեղակից թուրքերը, այլև՝ եվրոպացիները և ամերիկացիները: 2001 թ. հրատարակված «GRAND LAROUSSE» հանրագիտարանի հունարեն հրատարակության 5-րդ հատորում նշվում է, որ «Ադրբեջանի հանրապետության» պաշտոնական լեզուն «ազերականն» է, որ Հայաստանում ապրում են սակավաթիվ ազերիներ, իսկ «Ադրբեջանի» բնակչության մեծամասնությունը ազերիներն են (էջ 201): Համակարգիչների մեջ լեզուների շարքում կարելի է հանդիպել «ազերի» լեզու: Եվ ոչ մեկի մտքով չի անցնում, թե ինչո՞ւ իրենք «ազերիներ» են, իսկ երկիրը կոչվում է «Ադրբեջան» և ոչ թե՝ «Ազերիստան»: Ո՞ւր է տրամաբանությունը: Կեղծիքը տրամաբանություն չունի:

 Եթե եվրոպացիների և ամերիկացիների համար միևնույն է, թե ինչպես կանվանեն կովթաթարներին՝ «ադրբեջանցի», թե «ազերի», ապա հայերի համար անտրամաբանական է այդ եզրերի գործածությունը: Ցավոք, հայերը նույնպես աջ ու ձախ շռայլում են դրանք: Մի՞թե պետք է կանոնավոր հային  բացատրել դրա վտանգավորությունը:

  Կովթաթարներին և նրանց թուրք ցեղակիցներին խրտնեցնում է Հայկական պետության «Մեծ Հայք» անվանումը: Հրաշալի գիտենալով, որ Հայկական լեռնաշխարհում եղել են հիմնականում երկու հայկական պետություն՝ Մեծ Հայք և Փոքր Հայք, որոնք վկայված են դասական պատմագրության ներկայացուցիչների (Հերոդոտոս, Քսենոփոն, Պլուտարքոս, Պլինիոս Ավագ, Կուրտիոս Ռուփոս ևն) մոտ, կովթաթար և թուրք կեղծարարները, դիտավորյալ «Մեծ Հայք» անվանը տալիս են քաղաքական ուսմունքի իմաստ, ինչպես, ասենք՝ «Մեծ Իսրայել» կամ «Մեծ Ալբանիա» ևն: Այսինքն՝ հայերը ձգտում են ստեղծել մեծ Հայաստան: Այլ կերպ՝ հայերին «մեղադրում են» ծավալապաշտության մեջ: Նրանք փորձում են ցույց տալ, որ չի եղել հայկական պետություն: Դա արվում է քողարկելու համար այն բացարձակ ճշմարտությունը, որ և՛ թուրք, և՛ կովթաթար քոչվորները եկել հաստատվել են հենց Մեծ  Հայքի և  Փոքր Հայքի նահանգներում և գավառներում: Հայկական պետության «չգոյությունն» է «ապահովում» նրանց «բնիկ» լինելը:

 Ծագում է միանգամայն բնական հարց. Իսկ ի՞նչ էին անում հայ պատմաբանները, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, գիտությունների կաճառը (այսինքն՝ ակադեմիան), երբ թյուրքածին կեղծարարներն ավերում էին Հայաստանի պատմությունը: Անշուշտ, շատ հայ ազնիվ և հայրենասեր  գիտնականներ փորձում էին պայքարել հակահայկական գաղափարական արշավանքի դեմ (Մ. Զուլալյան, Ե. Սարգսյան, Ռ. Սահակյան, Ջ. Կիրակոսյան, Ա. Տեր-Ղևոնդյան, Ա. Փափազյան և ուրիշներ, Հայկական սովետական հանրագիտարանի, Հայկական համառոտ հանրագիտարանի, «Հայկական Հարց» հանրագիտարանի բազմաթիվ հոդվածներ):

Սակայն կոմունիստական լիատիրության ճնշումը, կուսակցական պատասխանատվության ենթարկվելու սարսափելի վախը, պաշտոնազրկվելը, «հայ-ադրբեջանական բարեկամությանը» վնասելու վտանգը ևն միշտ չէ, որ թույլ էին տալիս հրապարակել գրքեր ու հոդվածներ պատմության կեղծարարների դեմ: Իսկ կովթաթարներն առանց վախենալու այդ «բարեկամությանը» վնասելուց, քողարկվելով հենց դրանով, ուզածի պես չափում ու ձևում էին Հայոց պատմությունը:

 

 Հակահայկական գաղափարական պայքարը առավել լայն ծավալ ստացավ 1988 թվականից:

  Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ոգևորվելով (դա պետք է խոստովանել) «վերակառուցման» և «հրապարակայնության» մասին Մ. Գորբաչովի հայտարարություններից և հավատալով դրանց (դա էլ պետք է խոստովանել. ժողովուրդը շատ էր տառապել և կարծում էր՝ ահա, եկել է պահը) մեկ անգամ  ևս ոտքի ելավ՝ թոթափելու թաթարների լուծը: 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստը որոշեց վերամիավորվել մայր հայրենիքի հետ և խնդրեց Հայկ. ԽՍՀ-ին և «Ադրբ.» ԽՍՀ-ին դրականորեն լուծել այդ հարցը:

 Ղարաբաղյան այդ նոր շարժումը (որին հետևեց հակակոմունիստական հուժկու շարժումը արևելյան Եվրոպայի երկրներում, սոցիալիզմի համաշխարհային համակարգի և Բեռլինի պատի փլուզումը) առաջ բերեց հակահայկական հիստերիա «կենտրոնում» և կովթաթարների հանրապետությունում, համամիութենական մասշտաբով ծավալվեց հակահայկական քարոզչություն:

Այդ ամենին սնունդ էր տալիս ԽՄ-յան կոմկուսի և կառավարության հետադիմական քաղաքականությունը:  ԽՄ-յան կոմկուսի հիմնադիր Լենինը ազգային քաղաքականության անկյունաքարը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Նա նշում էր, որ դա նշանակում է «հարցի լուծում ոչ թե կենտրոնական պառլամենտի, այլ հենց անջատվող փոքրամասնության պառլամենտի, սեյմի, հանրաքվեի կողմից»: Այդ իրավունքից ժամանակին օգտվեցին Լեհաստանը և Ֆինլանդիան, որոնք չմտան ԽՄ-յան կազմի մեջ:

  Ղարաբաղցիները, իրականում, առաջնորդվում էին հենց ԽՄ-յան հիմնադիր և ԽՄ-ում սրբություն համարվող Լենինի սկզբունքներով: ԽՄ-յան ղեկավարությունը, Գորբաչովը, հիմնվելով կոմունիստների համար այդ հիմնարար սկզբունքի վրա, կարող էին անմիջապես հարցը լուծել դրականորեն Լեռնային Ղարաբաղի համար:

Եվ ընդհանրապես, եթե Գորբաչովը ուզում էր վերափոխել ԽՄ դրական առումով, ապա նա սկզբից ևեթ պետք է լուծեր ազգային հարցը ԽՄ-ում. մնացած հարցերը կլուծվեին իրենք իրենց: Դրա փոխարեն ԽՄ-յան ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջը որակեց իբրև մի խումբ ազգայնամոլների և ծայրահեղականների շարժում: 1988 թ. փետրվարի 26-ին Գորբաչովը, իրեն հատուկ, շատախոս, բայց անիմաստ ու ոչինչ չասող մի դիմում հղեց Հայկ. ԽՍՀ-ին և «Ադրբ.» ԽՍՀ-ին, որում ղարաբաղցիների շարժումը համարում էր, որպես տարերային և զգացմունքային երևույթ, որը բորբոքում է երկպառակություն և անվստահություն, ինչը հակառակ է խորհրդային ժողովուրդների բարեկամությանը և ավանդույթներին: Դիմումում նաև նշվում էր, որ նախատեսվում է անցկացնել կոմկուսի կենտկոմի պլենում՝ նվիրված ազգային հարաբերություններին՝ հիմնվելով լենինյան ազգային քաղաքականության սկզբունքների նվաճումների վրա:  (Այդ դիմումը Գորբաչովի ամբոխավարության լավագույն նմուշ է): Սակայն ոչ՛ կուսակցության պլենումը, ո՛չ Գերագույն խորհրդի նախագահության նիստը (1988 թ. հուլիսի 18-ին) և ո՛չ էլ այլ որոշումներ չլուծեցին խնդիրը՝ այն համարելով հակասոցիալիստական և ԽՄ-յան ժողովուրդների բարեկամությունը խարխլող երևույթ:

  Այդ ամենն ապացուցեցին, որ Գորբաչովի հռչակած քաղաքականությունը  դատարկ հնչյուն է, և՛ Գորբաչովը, և՛ կուսակցությունը թքած ունեին ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:  

 «Կենտրոնը» չներեց հայերին, որ համարձակվեցին հավատալ «նոր» քաղաքականությանը և իրենց արդարացի ձգտմամբ բացահայտեցին «վերակառուցման» սնանկությունը: «Կենտրոնի» թույլտվությամբ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթում տեղի ունեցան հայերի կոտորածներ: Երեք օր շարունակ, կովթաթար խուժանը հանրապետության ղեկավարությամբ և նախապես պատրաստված ծրագրով, սկսեց կոտորած, թալան և հայերի տեղահանում: Սպանությունների եղանակները, խմբակային բռնաբարությունները, գազանությունները, ցույց տվեցին, որ կովթաթարները իրենց զարգացման մեջ մնացել են նախնական, անասնական մակարդակին:

 Կոտորածներին հաջորդեց համամիութենական  գաղափարական պատերազմը հայերի դեմ: 1988 թ. ամբողջ ընթացքում կենտրոնական և կովթաթարական ձայնասփյուռն ու հերուստատեսությունը մրցում էին իրար հետ, թե ո՛վ ավելի շատ կնսեմացնի հայ ժողովրդին, ո՛վ ավելի շատ կհակադրի հայերին՝ մյուս ժողովուրդներին, ո՛վ ավելի շատ կխեղաթյուրի ղարաբաղյան շարժումը: Խորհրդային փորձված քարոզչությունը հասավ իր նպատակին. ԽՄ-յան ժողովուրդները, ի դեմս հայերի՝ տեսնում էին «վերակառուցման» թշնամիների, ժողովուրդների բարեկամությունը խարխլող ծայրահեղականների:

 Կովթաթար «մտավորականները», որոնք, հնարավոր է, ընդամենը մի քանի շաբաթ առաջ բաժակ բաժակի էին խփում իրենց հայ «ընկերների» հետ, սկսեցին վիրավորական արտահայտություններ անել հայ ժողովրդի հասցեին, իսկ մ.թ.ա. I – մ.թ. I դ. հույն աշխարհագրագետ Ստրաբոնի որոշ տեղեկություններ (մասնավորապես XI, XIV,16 հատվածը) օգտագործեցին հայ ժողովրդի ինքնասիրությունը վիրավորելու համար, ինչը վկայում է կովթաթար «պատմաբանների» վառ, բայց հիվանդ երևակայության մասին (1): Միշտ այդպես է. երբ վեճի մեջ մեկը չի կարողանում անհրաժեշտ փաստարկներ բերել իր ասածի օգտին՝ սկսում է հայհոյել:

  Առիթից օգտվեցին նաև վրաց մտավորականության որոշակի շրջանակներ, որոնք սկսեցին հավակնել Խորհրդային Հայաստանի հյուսիսային շրջաններին, մոռանալով, որ Վրաստանի կազմի մեջ արդեն նախկինում (ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում) մտցվել էին բուն հայկական տարածքներ՝ Ջավախքը ևն:

 1988 թ. ընթացքում միայն մեկ կանոնավոր հաղորդում եղավ կենտրոնական հեռուստատեսությամբ. դա ապրիլի 26-ին Գ. Բորովիկի «Դիրքորոշում» հաղորդումն էր՝ «Լեռնային Ղարաբաղ. մտորումներ բարձրաձայն» թեմայով, ուր փորձ էր արվում իրատեսորեն գնահատել իրադարձությունները:

Հակահայկական գաղափարական պայքարը շարունակվեց նաև 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո էլ՝ մինչև այն պահը, երբ կործանվեց հերթական կայսրություններից մեկը՝ ԽՄ:

 1988 թ. հակահայկական գաղափարական պայքարին հայ մտավորականները, գիտնականները պատասխանեցին գիտական հոդվածներով, հրապարակումներով, որոնցում ապացուցվում էր, որ 1921 թ. Ղարաբաղի հանձնումը կովթաթարներին, անօրինական էր և անարդարացի, քանի-որ այն ժամանակ հաշվի չառնվեց Ղարաբաղի բնակչության կարծիքը, իսկ հայերը Ղարաբաղում կազմում էին բացարձակ մեծամասնություն՝ 94,4%:

 ԽՄ-յան փլուզումից հետո հակահայկական քարոզչությունը շարունակում են կովթաթարները և նրանց ցեղակից թյուրք կեղծարարները, որոնք այդ բնագավառում ունեն մեծ փորձ և այդ գործունեության մեջ ժամանակին ստացել էին Աթաթյուրք հորջորջվող Մուստաֆա Քեմալի օրհնությունը:

 Տասնամյակներ շարունակ թյուրքածին կեղծարարներին աջակցել են եվրոպացի և ամերիկացի որոշ պնակալեզ պատմաբաններ:

 Մեր ժամանակներում, երբ հայերն արդեն պետական մակարդակով հետամուտ են հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու խնդրին, Հայաստանի պատմության կեղծարարները հիմնական ուշադրություն են դարձնում հայոց ցեղասպանությանը՝ նենգափոխելով մարդկության պատմության մեծագույն ոճրագործություններից մեկը: Այդ նենգափոխիչների շարքում, որքան էլ զարմանալի է, կան… հայեր, որոնք վարձատրվելով հայկական (հնարավոր է՝ նաև թուրքական)

կազմակերպությունների և հիմնադրամների կողմից՝ ուրանում են պատմական ճշմարտությունները: Դրանց ես անվանում եմ հայոց պատմության «վասակներ»: Սրանց համար է ասված իրենց սիրելի թուրքերի մի ասացվածքը՝ «Դրամ տվողը դուդուկը կնվագի»:

Այդ բազմերանգ ու բազմասեռ անազնիվ պատմաբանները ստացել են ու կստանան հակահարված հայ, հույն, ռուս, ամերիկացի, եվրոպացի, իրանցի և այլազգի ազնիվ պատմաբաններից, որոնց համար պատմական գիտությունը ոչ թէ ապրուստի միջոց է, այլ՝ ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտություն:  

Վերջին տարիներին կովթաթարների մեջ սևեռուն գաղափար է դարձել այն միտքը, թե Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է «ադրբեջանական պատմական հողերի» վրա:  Այդ ցնդաբանությունն ինքնահամոզման  համար անընդհատ բարբաջում են ոչ միայն տարբեր մակարդակների պաշտոնյաները, այլև կովթաթարների քրդական ծագում ունեցող նախագահ Ի.Ալիևը:

  Ցնդաբանությունը՝ ցնդաբանություն, սակայն անգրագետ թաթարներին   դա կարող է թվալ ճշմարտություն: Իսկ ճշմարտությունն, այնուամենայնիվ այն է, որ բազմաթիվ հին, միջնադարյան պատմագիրների, նոր և նորագույն ժամանակաշրջանի պատմագետների երկերում, պետական,  դիվանագիտական, զինվորական գործիչների հուշերում, գրքերում, դիվանագիտական փաստաթղթերում վկայված է. հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են, թուրքերը և կովթաթարները եկվոր են, և, ցավոք, 1895-1922 թթ. ընթացքում իրականացվել է հայերի ցեղասպանությունը:

Միաժամանակ կովթաթարների «պատմաբաններին», տարբեր մակարդակների աստիճանավորներին և նրանց նախագահին խորհուրդ եմ տալիս նորից կարդալ իրենց այդքան սիրելի Ստրաբոնի XI, IV, 4 հատվածը, որը վերաբերում է աղվաններին, որպեսզի համոզվեն, որ իրենք բնիկ չեն (2):

  Վերջացնելով սույն հրապարակումը, ուզում եմ նշել, որ հայ պատմաբանների  պայքարը հայոց պատմությունն աղավաղողների դեմ պետք ստանան հայկական, առայժմ փոքր, երկու պետությունների,  միասնական եկեղեցու, Սփյուռքի  հովանավորությունն ու աջակցությունը: Եթե կեղծարարությունը հովանավորվում է, ապա պետք է հովանավորվի և ճշմարտությունը:

Հայոց  պատմության անաղարտությունը կարելի է ապահովել երեք կարևոր միջոցներով՝ զենքով, խոսքով, հավատքով:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

1. Ստրաբոնը իր երկի այդ մեծ հատվածում խոսում է հին հայերի և մարերի ծիսակատարությունների մասին և նշում, որ հայերը և մարերը պաշտում են պարսիկների բոլոր սրբազան ծեսերը, և ի պատիվ Անահիտ աստվածուհու տաճարներում ծառայում էին ստրուկներ և ստրկուհիներ, ինչպես նաև հայտնի ընտանիքների օրիորդներ, որոնք հասարակական դիրքով իրենց հավասար տղամարդկանց տրամադրում  էին սիրային ծառայություններ: Այդօրինակ սովորություն ունեցել են ոչ միայն պարսիկ, մարացի և հայ օրիորդները, այլև շատ այլ ժողովուրդներ:

2. Ստրաբոնը, խոսելով աղվանների մասին, գրում է.«Մարդիկ այնտեղ (այսինքն՝ Աղվանքում – Ս.Կ.) առանձնանում են գեղեցկությամբ և բարձր հասակով, միևնույն ժամանակ նրանք բարեհոգի են և ոչ մանրախնդիր...»:  Այդ հաղորդումը, բնականաբար, չի կարող վերաբերվել կովթաթարներին, որովհետև նրանք ոչ մի հատկանիշով նման չեն աղվաններին:

 Հայկական հանրագիտարանի  նախկին ավագ  գիտական խմբագիր                                                Սեդրակ Կրկյաշարյան

Обсудить у себя 1
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.