Категория: Հայերեն էջեր

ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՊԵՐ ԳԱՐՏՈՆԻՆ

 

 

 

Այս նամակը հրապարակվել է 2004 թ. Աթենքի  «Հայաստան»  թերթում (հունիսի 10,  թիվ 32) և ուղարկվել Շվեդիա՝ հասցեատիրոջը:  Նամակն այժմ էլ  արդիական է:

 



 

 Հեռուստատեսության և մամուլի միջոցով տեղեկացա Ձեր մի հարցազրույցին, որտեղ անդրադարձել եք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Դուք ասում  եք.

1.     Աշխարհում հիմնական միտումն այնպիսին է,  որ անկախ պետությունների թիվը չավելանա:

2.     Լեռնային Ղարաբաղը պետք է կախված չլինի Բաքվից և չպետք է կառավարվի նրա կողմից:

3.  Ալանդյան կղզիներում բնակչության 100%-ը շվեդ է, իսկ տարածքը պատկանում է Ֆինլանդիային: Այդ իրավիճակն այսօր ընկալվում է բոլորի կողմից:

  Եթե ես սխալվեմ արտաբերելով  Ձեր ասածները, խնդրում եմ դա վերագրել մամուլի և հեռուստատեսության մատուցմանը:

  Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին.

  Վերջին տասնչորս տարվա ընթացքում մեծ և փոքր կայսրությունների քայքայման հետևանքով առաջացան, եթե չեմ սխալվում, 19 պետություն, որոնց անկախությունը ճանաչել է միջազգային հանրությունը:

  Այդ երկրները պարտական են հենց Ղարաբաղին, որովհետև այնտեղ սկզբնավորվեց այն  պայքարը,  որն այնուհետև ընդգրկեց Արևելյան, Հարավ-արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները:

 Ղարաբաղում հասունացրած պտուղները քաղեցին ուրիշները: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ իրավունք ունի լինելու ազատ ու անկախ այնպես, ինչպես սլովակը, էստոնացին կամ սլովենը: Ես Ձեզ հավատացնում եմ, հարգելի պարոն Գարտոն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ստեղծած հազարամյակների մշակույթով և ազգային-ազատագրական պայքարի դարավոր ավանդույթներով՝ արժանի է անկախության:

  Եթե չի ճանաչվելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը և չի կառավարվելու «Ադրբեջանի»* կողմից (դա հրաշալի է), այդ դեպքում ո՞րն է երրորդ ուղին:

  Դուք բերում եք Ալանդյան կղզիների օրինակը, իբրև տարբեր ազգերի խաղաղ գոյակցության նմուշ: Դա խոսում է ֆինների և շվեդների կանոնավոր և զարգացած լինելու մասին: Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Գարտոն, ի՞նչ կանեին Ալանդյան կղզիների շվեդները, եթե ֆինները ոչնչացնեին նրանց մշակութային արժեքները, եթե դպրոցներում արգելեին շվեդերեն լեզվի և շվեդների պատմության ուսումնասիրությունը, եթե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատ ուղարկեին Ձեր նշած 100%-ից 30%-ին, եթե ֆինները շվեդներին դնեին այնպիսի պայմանների մեջ, որ շվեդները հեռանային իրենց հայրենիքից: Հասկանալի է, թե շվեդներն ինչ կանեին. Նրանք կանեին այն, ինչ արեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք բախտ չունեցան գտնվել Ֆինլանդիայի կազմում:

  Վերջացնելով նամակս, ուզում եմ ասել հետևյալը: Երբ խոսք է գնում Եվրոպայի նորանկախ որոշ պետությունների մասին, դիվանագետները խոսում են ցեղային մաքրումների և հաշվեհարդարների մասին:

   Զարմանալի է, որ այդքան խորաթափանց մարդիկ չեն նկատում, որ Ստալինի նվիրատվությամբ և խորհրդա-թուրքական անարդարացի պայմանագրերով «Ադրբեջանին» անցած հայկական տարածքներում՝ Նախիջևանում և Ղարաբաղում տեղի  ունեցած խաղաղ ցեղասպանության հետևանքով Նախիջևանում և Դաշտային Ղարաբաղում հայ չի մնացել: Կարդացեք Վիկտոր Հյուգոյին մեկ անգամ էլ և Դուք կիմանաք, թե ովքեր են անցել այդտեղով**։

 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում արժանանալ այդ ճակատագրին և արյան գնով ձեռք է բերել իր գոյատևելու իրավունքը:

   Բոլոր ժողովուրդների մեջ խաղաղություն և բարեկամություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ կվերանա մի ժողովրդի կախվածությունը մեկ ուրիշ ժողովրդից:

                                     

Ս.ՍԱՅԱՍ***

Աթենք, 04.06.2004


 

 

 

 

 

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.