Категория: Հայերեն էջեր

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ՝ ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայկ Նահապետը նույնպիսի  պատմական, իրական դեմք է, ինչպես Արտաշես Ա, Տիգրան Մեծը կամ Հուլիոս Կեսարը:

 


 

Հանրագիտարանում առասպելը բնորոշվում է իբրև «ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակ, ուր չար ու բարի ոգիների, դյուցազունների, աստվածների կերպարանքով արտացոլվել են մարդկանց վրա իշխող տարերային ուժերը: Առասպելը  նախնական աշխարհընկալման ծնունդ է, ունի պատմական հիմքեր: Հայ ժողովրդի Ա-ներից հայտնի են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» ևն (տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, էջ 531):

 

 

Բազմիցս կարդացել եմ Հայկ Նահապետի մասին Մովսես Խորենացու, Սեբեոսի, վրաց պատմագիր Լեոնտի Մրովելու  տեղեկությունները և համոզվել, որ  դրանցում չկան «առասպելին»  բնորոշ հատկանիշները,  ընդհակառակը՝ Հայկ Նահապետի մասին բոլոր տվյալները և տեղեկությունները, նրա գործողությունները իրական են և կարող են վերաբերվել միայն պատմական անձնավորությանը և ոչ առասպելական հերոսին: Հայկ Նահապետը նույնպիսի  պատմական, իրական դեմք է, ինչպես Արտաշես Ա, Տիգրան Մեծը կամ Հուլիոս Կեսարը: Այդ բանն ապացուցելու համար տարիներ առաջ գրել էի «Գլխավոր ուղղության վրա վճռական գերազանցության հասնելու մարտավարության պատմությունից» հոդվածը, որը լույս տեսավ միանգամից երկու թերթում՝ Հայաստանի Ազգային Անկախության Կուսակցության «Հայաստան» պաշտոնաթերթում (1990 թ № 35-36, սեպտեմբերի 30,  էջ 57-58) և «Փյունիկ»-ում (1990 թ. № 6,  հոկտեմբերի 30,  էջ 6):

 Այդ հոդվածը որոշ փոփոխություններով և կրճատումներով ներկայացնում եմ համացանցի ընթերցողներին:

 

ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՎՃՌԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Մեր թվականությունից առաջ 371 թ. Հունաստանի Բեովտիա մարզի Լևկտրա բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Թեբեի զորավար Էպամինոնդասը Սպարտայի զորքերին պարտության է մատնել՝ կիրառելով մինչ այդ անհայտ մարտավարություն. նա իր զորաբանակի ձախ թևում տեղադրել է ընտիր զորքեր՝ նպատակ ունենալով արագ հարձակումով ջարդել սպարտացիների ուժեղ աջ թևը (Այդ ճակատամարտի մասին մանրամասն տե՛ս Ե. Ռազինի «Ռազմական արվեստի պատմություն» ռուսերեն գրքի առաջին հատորի, Մոսկվա, 1955, 188-189 էջերը):

  Էպամինոնդասը ցույց տվեց, որ ուժերի հավասարության կամ հակառակորդի քանակական գերազանցության դեպքում «...հաջողությունն ապահովելու համար հարկավոր է թշնամու նկատմամբ վճռական գերազանցություն ստանալ  գլխավոր ուղղությունում» (նույն տեղում, էջ 192):  Այդպիսով, եվրոպական ռազմական   արվեստի պատմության մեջ գլխավոր ուղղությունում հարված հասցնելու մարտավարությունը առաջինը կիրառել է Էպամինոնդասը՝ մ.թ.ա.  IVդարում:

Սակայն Արևելքում այդ մարտավարությունը կիրառվել է շատ ավելի վաղ, քան Եվրոպայում: Դրա լավագույն ապացույցը համեմատաբար փոքր զորքով Հայկի փայլուն հաղթանակն էր Բելի (Նեբրովթի) հսկայական բանակի նկատմամբ:

  Թեև Հայկ Նահապետի ապստամբության, Բելի նկատմամբ նրա տարած  հաղթանակի ամբողջ պատմությունը դիտվում է իբրև առասպել (համեմատել, օրինակ՝ «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 1, Երևան, 1971, էջ 479), սակայն այդ պատմության մեջ այնքան շատ են մարտավարական մանրամասները, որ դրանց կնախանձեն նույնիսկ ճշմարիտ համարվող ճակատամարտերը: Եվ այդ մանրամասներն ապացույց են այն բանի, որ նկարագրվող իրադարձություններն իրականում տեղի են ունեցել, և, հետևաբար, Հայկը իրական, պատմական անձնավորություն է և ոչ թե առասպելական հերոս:

 Հայկի և Բելի զորքերի միջև ճակատամարտի մասին մանրամասն հաղորդում է մեծն Մովսես Խորենացին և իմ առաջ քաշած միտքը հաստատելու համար հարկավոր է համեմատաբար ընդարձակ մի հատված մեջբերել պատմահոր երկից:

 «Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ… շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները… Այդ ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան (Հայկը – Ս.Կ.) շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշ մարդկանց, որ իրեն էին եթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ...: Եվ իր զորքերը կանչելով՝ ասում է նրանց. «Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք..., կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանեք:

 ...Իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում, մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել և երկար տարածություն կար  նրա ու ամբոխի միջև: ...Հայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին (այսինքն՝ Բելին – Ս.Կ.) և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց՝ կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը: Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում, դասավորում է մոտավորապես  եռանկյունիձևով և հանդարտ առաջ է շարժվում: Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով և իրար

վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով: Իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի դիպվածը տեսնելով Տիտանյան արքան զարհուրեց և ետ-ետ քաշվելով սկսեց բարձրանալ բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում  է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով գետին է խրվում և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործավում, ընկնում է գետին ու շունչը փչում: Իսկ ամբոխն այս մեծ քաջագործությունը տեսնելով՝ փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը» (Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, Ա, Ժա: Ընդգծումներն իմն են – Ս.Կ.):

Այս վկայություններից պարզվում է հետևյալը.

ա. Բելն ուներ հսկա բանակ, իսկ Հայկի զորքը սկավաթիվ էր:

բ. քանակական  գերակշռություն ունեցող թշնամու նկատմամբ իր փոքրաթիվ ուժերով հաջողության հասնելու համար, Հայկը որոշել է գլխավոր հարվածը հասցնել այն տեղին, որտեղ կանգնած կլինի Բելը. նրան սպանելով կարելի է վճռել ճակատամարտի ելքը: Դա Հայկի տաղանդավոր մտահղացումն էր, միակ ճիշտ մարտաեղանակը:

գ. Երբ կողմերը հանդիպել են իրար, Հայկը տեսնելով, որ Բելը մի ջոկատով բավական առաջ է անցել իր հիմնական զորքից, որոշել է հարձակվել Բելի վրա՝ նախքան նրա ամբողջ զորքի հասնելը:

դ. Հայկը իր հիմնական նպատակը (Բելին ոչնչացնելը) իրագործելու համար զորքը դասավորել է եռանկյունաձև, այլ խոսքով՝ սեպաձև (Հայկի զորքի դասավորությունը սխալ է հասկացել Ս.Վ. Սարգսյանը. տե՛ս նրա «Հայ ռազմական արվեստի պատմությունից» գիրքը, Երևան, 1969, էջ 30-ի գծանկարը):

ե. Հայկը կանգնել է եռանկյան առջևում, այն մասում, որն ուղղված էր դեպի թշնամու զորքը, որպեսզի կարողանա մխրճվել հակառակորդի դասավորության մեջ և արագ հասնել ԲԵլին:

զ. Գիտակցելով, որ իր զորքի այդպիսի դասավորության դեպքում (ինչը թելադրված էր իրերի դրությամբ) թշնամին կարող էր շրջանցել իրեն  և շրջապատել, Հայկը եռանկյան մյուս անկյուններում դրել էր իր որդիներին և թոռներին՝ աղեղ ու սուր գործածելու մեջ հաջողակ մարդկանցով, որոնք խոչընդոտելու  էին թշնամու շրջանցումը:

է. Հայկը եռանկյունաձև մարտակարգով շարժվել է թշնամու դեմ: Հայկի մտահղացումը իրագործվել է հաջողությամբ, քանի-որ Բելը, զարհուրելով այդ հարձակումից, նահանջել է, նպատակ ունենալով պաշտպանվել բլրի վրա՝ մինչև իր հիմնական ուժերի հասնելը:

ը. Հայկի եռանկյունաձև դասավորված զորքի հարձակումն այնքան շեշտակի էր, որ նա ճեղքել է թշնամու շարքերը, մոտեցել Բելին և սպանել՝ դրանով իսկ որոշել ճակատամարտի հաղթական ելքը:

  Այսպիսով Հայկը, ելնելով ուժերի առկա տարբերությունից և օգտվելով Բելի սխալից (անջատվել էր իր հիմնական ուժերից), իր զորքը դասավորել է այնպես, որ վճռական գերազանցություն է ստացել հակառակորդի կենտրոնի նկատմամբ և հաջողությամբ իրականացրել ճեղքումը:

Այդ մարտավարությունն առաջինը կիրառել է Հայկը՝ Էպամինոնդասից 2121 տարի առաջ՝ մ.թ.ա. 2492 թ. նավասարդի  1-ին (օգոստոսի 11-ին) և հայ ժողովրդի համար ապահովել քաղաքական, տնտեսական և մշակութային հավիտենականություն:

 

Հայկական հանրագիտարանի

 նախկին ավագ գիտական խմբագիր

Սեդրակ Կրկյաշարյան

 

Առաջարկություն՝

2018 թ. լրանում է Հայկ Նահապետի փայլուն հաղթանակի և հայկական պետականության  հիմնադրման  4510–ամյակը: Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը և համապատասխան մարմիններին՝ նախապատրաստվել և մեծ շուքով նշել «բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույն» Հայ ժողովրդի պետականության հիմնադրման 4510-ամյակը՝ ի հեճուկս Հայ ժողովրդի բոլոր թշնամիների և նրանց, ովքեր հորինում են իրենց չեղած պատմությունը և սեփականացնում այլոց նվաճումները:

  Դա հրաշալի առիթ է  նաև՝ բարձրացնելու Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հեղինակությունն ամբողջ աշխարհում:

 

                                                         «...կարծում եմ, խելացի մարդկանցից

                                                           ոչ ոք չի հակադրվի...»

                              (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ա, զ)

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.