Категория: Հայերեն էջեր

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ (1)


Այս հոդվածը գրել եմ 2012 թ. նոյեմբերի 17-ին

 

 Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, հարցի լուծման կարևոր կռվանները խնդրի պատմական, բարոյական և իրավական հիմքերն են: Ես ասում եմ՝ «այսպես կոչված», որովհետև արցախցիները մասամբ լուծել են  հարցը. նրանք անկախ են: Անկախ լինելու համար նրանք ունեն և՛պատմական, և՛ բարոյական, և՛ իրավական հիմքեր:

1. Պատմական հիմքեր:  

 Արցախի տարածքը, սկզբնաղբյուրներում հիշատակվում է ամենավաղ ժամանակ-ներից՝ հայկական Արարատյան թագավորների արձանագրություններում,  հունա-հռոմեական աղբյուրներում (Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Պլուտարքոս, Դիոն Կասիոս), քրիստոնյա, մահմեդական պատմագիրների երկերում: Եվ այդ տարածքը միշտ նշվում է, իբրև հայկական և հայերով բնակեցված տարածք և կազմել է  Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը և ուներ 12 գավառ:

  XIV դ. առաջացել է Ղարաբաղ անվանումը, որը պարսկերեն նշանակում է «Սև այգի»: Այդ անվանումը սկզբնապես տրվել է Ուտիքի և Արցախի տարածքին, սակայն հետա-գայում այն տարածվել է ավելի փոքր տարածքի՝ հետագայի Լեռնային Ղարաբաղի, Մուխանքի (Մուղան) դաշտի, Շահումյանի, Աղդամի, Պարտավի (Բարդայի) շրջանների ևն վրա:

  Ղարաբաղը հայտնի է եղել նաև երկու անվանումներով՝ Լեռնային Ղարաբաղ և Դաշտային Ղարաբաղ: Առաջինը հիմնականում հենց այժմյան Լեռնային Ղարաբաղի տարածքն է, երկրորդը՝ նրանից արևելք ընկած Մուխանքի դաշտը: 

Հայաստանի առաջին բաժանումից հետո էլ այդ տարածքը գտնվել է հայկական տարբեր իշխանությունների (Առանշահիկների, Խաչենի իշխանության, Զաքարյանների իշխանության, Ղարաբաղի և Մեծ Սյունյաց մելիքությունների) կազմում: IVդարից այնտեղ, ինչպես և ամբողջ Հայաստանում,  բացվել են առաջին քրիստոնեական դպրոցները, կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է հարուստ հայկական մշակույթ:

 Ղարաբաղի հայությունը միշտ եղել է  հայ ազգային-ազատագրական պատերազմների գործուն մասնակիցը: IX դ. 1-ին կեսից սկսած այստեղ պայքարը չի դադարել զավթիչների՝ արաբների, սելջուկյան թուրքերի, մոնղոլների, Լենկթեմուրի, իրենց ոչխարների գույնով անվանվող տարբեր հորդաների դեմ:

   XVIIIդ. 2-րդ կեսին, օգտվելով հայ մելիքների անմիաբանությունից, թյուրքալեզու քոչվոր սարըջալը ցեղի ներկայացուցիչ Փանահը հիմնեց պարսից շահից կախյալ Ղարաբաղի խանությունը, որը պատուհաս դարձավ հայ բնակչության համար: Սակայն հայերը չդադարեցրին ազատագրական պայքարը և շատերը ռուսական բանակի կազմում կռվում էին Ղարաբաղը պարսկական լծից ազատագրելու համար:

  1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով երբեմնի Մեծ Հայքի արևելյան տարածքները, այդ թվում՝ Ղարաբաղն, անցան Ռուսաստանի տիրապետության տակ:

Այսպիսով, Ղարաբաղի վերաբերյալ պատմական տեղեկություններն անառարկելիորեն հաստատում են, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է և հայկական աշխարհի քաղաքական, կրոնական և մշակութային անբաժանելի մասը: 

Այժմ տեսնենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Ադրբեջանի հանրապետություն» անվանվող պետությունը և ովքե՞ր են նրա բնակիչները, որ հավակնում են տիրելու հայկական այդ անկախ տարածքին և նրա ազատասեր  հայ բնակչությանը: XI դարի 2-րդ կեսից, սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակ, Միջին Ասիայից Ատրպատական և Արևելյան Անդրկովկաս են ներխուժել օղուզա-թուրքմենական ցեղեր, որոնց հոսքն ուժեղացել է թաթար — մոնղոլական (այստեղից էլ «կովկասյան թաթարներ» արտահայտությունը) տիրապետության ժամանակ և շարունակվել մինչև XVII դարը:

  Այդ ներխուժումների հետևանքով Արևելյան Անդրկովկասում, Երասխի (Արաքսի) ձախ ափին, Մեծ Հայքի արևելյան նահանգների և Աղվանքի տարածքում հաստատվել են թյուրքալեզու խառնամբոխ ցեղեր, իսկ Երասխից հարավ, Ատրպատականի (հուն.՝ Ատրոպատենե, պարսկ.՝ Ադրեբադագան, Ադերբեգան, արաբ.՝ Ադրաբիջան, Ադար-բայջան, ադրբ.՝ Ազրբայջան)   բնիկ իրանցիները, պահպանելով իրենց մարդաբանա-կան (հնդեվրոպական) կերպարը, դարձել են թյուրքախոս:

  XVI-XVIIIդարերում Արևելյան Հայաստանում և Արևելյան Անդրկովկասում ստեղծվել են Սեֆյան Պարսկաստանին ենթակա մահմեդական խանություններ (Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Շաքիի, Ղարաբաղի, Շիրվանի, Թալիշի), որոնցում պարբերաբար կոտորել են բնիկներին՝  հայերին,  ամրապնդվելու համար այդ տարածքներում:

   Արդեն նշեցի, որ  XIXդ. սկզբին այդ տարածքներն անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Ռուսների համար Անդրկովկասում կային  երեք հիմնական ժողո-վուրդներ՝ հայերը (միատարր ժողովուրդ), վրացիները (ներկայացված տարբեր խմբերով.  բուն վրացիները, խևսուրները, փշավները, իմերեթցիները, գուրիացիները, աջարները, մեգրելները, լազերը, սվանները ևն) և  կովկասյան թաթարները(որոնք կազմվել են հիմնականում կորած պեչենեգների, ավարների, ալանների,խազարների մնացորդներից՝ խառնված նողայների, ղփչաղների և իրանական տարբեր

ժողովուրդների հետ):

  Ինչպես երևում է վերը շարադրվածից, թյուրքալեզու ցեղերը պատմական ոչ մի հիմք չունեն Լեռնային Ղարաբաղի տարածքը համարելու իրենցը, որովհետև մինչև ոչխարների ետևից ընկած  Անդրկովկաս հասնելը, Ղարաբաղի տարածքն ուներ իր բնիկ հայ բնակչությունը և այնտեղ դարեդար գոյություն են ունեցել հայկական իշխանություններ:

 1918 թ. մայիսին Անդրկովկասի երեք հիմնական ժողովուրդները հռչակեցին իրենց անկախ պետությունների ստեղծումը: Հայերն ու վրացիները, բնականաբար, իրենց հանրապետությունները կոչեցին իրենց իսկ անունով՝ փաստորեն վերականգնելով իրենց պետականությունը: Կովկասի թաթարներն իրենց հանրապետությունն անվանեցին ոչ թե իրենց, այլ՝ «Ադրբեջանի հանրապետություն»  անունով: Դա մի շինծու, արհեստականորեն ստեղծված, առանց որևե միաձույլ ժողովրդի մի

 կազմավորում էր, որի ստեղծողները (թուրքերը և կովկասյան թաթարները) հետապնդում էին տնտեսական և քաղաքական  նպատակներ:  Տնտեսական նպատակը նավթահանքերից շահույթ ունենալն էր, իսկ քաղաքական նպատակը՝ համաթյուրքականության իրականացումը. հարմար առիթի դեպքում հավակնել Երասխ (Արաքս) գետից հարավ գտնվող իրական՝  Իրանի Ադրբեջան (Ատրպատական) նահանգին:

  Այսպիսով, Անդրկովկասի արևելքում մինչև 1918 թ. չեն եղել ո՛չ «ադրբեջանցիներ» և ո՛չ էլ «ադրբեջանցիների» որևէ քաղաքական միավորում կամ որոշակի տարածք. այնտեղ հայերի և վրացիների հարևանությամբ բնակվել են բազմացեղ, բազմալեզու մահմեդական զանգվածներ:

1918 թ. մայիսին անկախ հռչակված  Հայաստանի Հանրապետության կազմի մեջ սկզբնապես չմտան Արևելյան Հայաստանի բոլոր տարածքները:

Բանն այն էր, որ ռուսական կայսրությունն Անդրկովկասի վարչական բաժանումները չէր ստեղծել ազգային  հիմքի վրա:  Անդրկովկասի տարածքում ստեղծվել էին Կովկասի փոխարքայության կազմի մեջ մտնող հինգ նահանգ՝ Երևանի, Ելիզավետպոլի, Թիֆլիսի, Բաքվի, Քութայիսի, 3 մարզ՝ Կարսի, Բաթումի, Դաղստանի, 2 օկրուգ՝ Զաքաթալայի, Սուխումի և 1  քաղաքապետություն (Բաքվի): Դրա հետևանքով բուն հայկական տարածքները, Երևանի նահանգից զատ, հայտնվել էին նաև Թիֆլիսի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների մեջ:

 Եվ ահա, երբ ստեղծվեցին Անդրկովկասյան  երեք հանրապետութունները, վրացիները և կովկասյան թաթարները հավակնում էին հայկական այն տարածքներին, որոնք գտնվել են Թիֆլիսի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների մեջ:  

 Վրաստանը հավակնում էր Բորչալուի ամբողջ գավառին, իսկ կովկասյան թաթար-ները՝ Ղարաբաղին և Զանգեզուրին:

  Հայաստանի Հանրապետությունը բնականաբար պետք է պաշտպաներ իր  տարածքները և այնտեղ դարեդար ապրող հայրենակիցներին: 1918 թ. դեկտեմբերին հայ-վրացական ուժերի միջև տեղի ունեցավ զինված բախում, որի ընթացքում հայկական ուժերը հարկադրեցին վրացիներին նահանջել մինչև Թիֆլիս: Անտանտի միջնորդու-թյամբ հունվարին Թիֆլիսում կնքվեց պայմանագիր, որով Բորչալուի գավառի միջին գոտին հայտարարվեց «չեզոք գոտի»:

  Հայաստանի Հանրապետության արևելքում Զանգեզուրի և Ղարաբաղի հայ բնակչությունը իր երկրամասը պաշտպանում էր  կովկասյան թաթարներից և նրանց ցեղակից թուրքերից: 1919 թ. Հայաստանի Հանրապետության տարածքը  58 000  քառ. կմ էր:

  Իրադրությունը փոխվեց, երբ այդ երեք հանրապետություններում Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ հաստատվեցին խորհրդային կարգեր:

  Չնայած այն բանին, որ Մեծ Հայքի 1/ 13  մասում խորհրդային իշխանություն հաստատվելուց անմիջապես հետո կովկասյան թաթարների հեղկոմի նախագահ Նարի-մանովը հայտարարեց, որ Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը ճանաչվում են Խորհրդային Հայաստանի բաղկացուցիչ մասը, հետագայում նա, անկասկած Ստալինի և թուրքերի ճնշման տակ, հրաժարվեց իր առաջարկից:

 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրերով Խորհրդային Հայաստանի կազմից դուրս մնացին Կարսի մարզը (շուրջ 17 000 քառ. կմ տարած.), որը նվիրաբերվեց Թուրքիային, Նախիջևանը (շուրջ 5 500 քառ. կմ տարած.), որը դրվեց կովկասյան թաթարների հովանավորության կամ խնա-մակալության տակ, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ստալինի ճնշման տակ Ռուսաստանի կոմկուսի կովկասյան բյուրոն որոշեց Ղարաբաղը նույնպես հանձնել կովկասյան թաթարներին:

  Ինչպես տեսնում ենք, ի սկզբանե անտի հայկական Նախիջևանը, Ղարաբաղը և նրանց  ի սկզբանե անտի բնիկները՝  հայերը,  կամայական, անօրինական և հատուկ հակահայկական քաղաքականության հետևանքով հանձնվել են կովկասյան թաթարներին:

 Որքանո՞վ էին օրինական այդ ակտերը: Հովանավորյալ կամ խնամակալության տակ գտնվող տարածքները ժամանակակից միջազգային իրավունքում համարվում են գաղութային տիրապետության տակ գտնվող տարածքներ: Հետևաբար Նախիջևանը գտնվում է գաղութային կախվածության մեջ:

  Ղարաբաղի հանձնումը նույնպես միջազգային իրավունքի տեսակետից անօրինական է, որովհետև այդ որոշումը ոչ թե պետական մարմնի որոշում է, այլ՝ կուսակցական և այն էլ՝ երրորդ պետության՝ Ռուսաստանի:

  Ասպիսով, «Ադրբեջանի հանրապետությունը» պատմական ոչ մի իրավունք չունի Արցախի տարածքի նկատմամբ: Դրան հակառակ, Արցախը և  նրա բնակիչներն ունեն անկախ լինելու պատմական հիմքեր:

 

       Գրեց՝ Ս.ՍԱՅԱՍ

                                                            Շարունակելի

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.